Մարտունու համայնքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետը զայրացած է՝ մանկապարտեզների տնօրեններին ուղարկած ձայնային հաղորդագրությունը «Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին է հասել:
Համայնքապետարանի պաշտոնյան շատ վատ բառ կուզեր ասել. «Այդ բառը չեմ ասում, ինձ թվում է՝ արդեն հասկացաք՝ ինչ արարք եք արել: Բառը, հարգելով իմ դաստիարակությունը, չեմ կրկնում»։
Ձայնային հաղորդագրությունն Արման Թաթոյանը հրապարակել էր օրեր առաջ, իր խոսքով, որպես ապացույց «Քաղաքացիական պայմանագրի» անպատժելիության մասին։ Նախընտրական այս փուլում օրենքից դուրս քայլեր են անում։
«Այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն», - ասվում է ձայնագրությունում։
Արման Թաթոյանը տարակուսում է՝ համայնքապետարանի պաշտոնյան մարդկանց պարտադրում է հավաքի գնալ ու դրան ոչ մի իրավական գործընթաց չի հետևում, հետո էլ սկսում է սպառնալ. «Իրենք ինչքան վստահ են այս անպատժելիության մեջ, որ այդ ձայնագրությունը երկրորդ անգամ էլ է ուղարկում, սպառնում է այդ տնօրեններին, դուք պատկերացնո՞ւմ եք։
Ոչ մի անօրինական բան չի եղել, պնդում է Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը։ 18 մանկապարտեզ ունեն, 500-ից ավելի կանայք են աշխատում այդտեղ ու ընդամենը ութ տղամարդ։
«Տրամաբանությունը որտե՞ղ է, որ էդ 8 տղամարդու հետևից ընկնեին, ասեին՝ եկեք էսինչ տեղը: Եթե մենք ինչ-որ տեղ կանչելու բան ունենայինք, 500 կնոջը կթողնեինք, կընկնեինք այդ 8 տղամարդու հետևի՞ց: Եթե քանակ էր պետք, մենք ինչի՞ ենք անսում տղամարդ», - ասաց Հովհաննիսյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ է համայնքապետարանի աշխատակիցը հրահանգում տնօրեններին պարտադիր տղամարդկանց ուղարկել ՔՊ գրասենյակի բացմանը։ Ըստ Սվետլանա Հովհաննիսյանի՝ պարտադիր բառը վրիպակ է եղել։ Եթե ութ տղամարդու մասնակցությունն անիմաստ էր, ձայնային հաղորդագրությունն ինչո՞ւ է ուղարկվել։
«Ինքը ուզեցել ա ասի՝ եթե ուզում են, ոնց որ էդ կարգի էլի, տղամարդիկ գան, մի քիչ սխալ ա արտահայտվել։ Ինքը դա ա ուզեցել։ Շատ են ուզում, ոնց որ տղամարդիկ թող գան, էդ կարգի», - ասաց Հովհաննիսյանը։
Հետո էլ ցանկացել է այն վատ բառն օգտագործել, որովհետև ձայնագրության հանրայնացումից հետո էմոցիոնալ վիճակում է եղել, բացատրեցին Մարտունու համայնքապետարանից։
Այլ բացատրություն ունի «Միասնության թևեր»-ի առաջնորդը. կարծում է՝ ՔՊ-ական բարձրաստիճանների գլխավորությամբ շղթա է գործում. «Ես տվել եմ անուններ՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, ես ասում եմ՝ այս մարդկանց որևէ կերպ, իրենք նախընտրական քարոզչության մեջ ներգրավված մարդիկ են։ Գոնե հարցաքննել լինելո՞ւ է»։
Մարտունու դեպքում Թաթոյանը հնչեցնում է իշխանական պատգամավոր Ալխազ Ղազարյանի անունը. «Մեր տեղեկություններով՝ Մարտունու համայնքապետարանում է աշխատում Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Ալխազ Ղազարյանի բարեկամ Աննա Նավասարդյանը Վաղաշեն գյուղից»։
«Պատգամավորի բարեկամն եմ, բայց գիտակցում եմ, որ հանրային ծառայող եմ», - Աննա Նավասարդյանը հերքեց իր մասնակցությունն իշխող թիմի քարոզչական արշավում։
Թաթոյանի թիմն այժմ հաղորդում է պատրաստում առերևույթ հանցագործության վերաբերյալ, դիմելու են դատախազություն։
Շուրջ երկու շաբաթ առաջ մեկ այլ ձայնագրություն էր հրապարակել Թաթոյանը. Արմավիրի մարզ ՔՊ առաջնորդի այցին ընդառաջ քոլեջի ուսանողներին կանացի մի ձայն հանձնարարում է պարզերես անել իրեն տնօրինության առջև ու հրապարակ գնալ։ Դատախազություն հաղորդում էին ուղարկել, առայժմ անարձագանք։ «Անկախ դիտորդը» նույնպես Արմավիրի ու Մարտունու ձայնագրությունների դեպքերով հաղորդումներ է ներկայացրել։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդի քարոզչական տարբեր հասցեներում ուսուցչական ու այլ կոլեկտիվներ են համայնքապետարանի աշխատակիցներ ու բազմաթիվ երեխաներ։
Վերին Արտաշատում էին փոքրիկները դասի ժամին քարոզչական ատրիբուտներով հրապարակ դուրս եկել ՔՊ առաջնորդին տեսնելու։ Սրանից առաջ էլ Ապարան համայնքում էին դասերը կարճ կապել ու շտապել Փաշինյանի հետ հանդիպման։ Չորս դպրոցների տնօրենները ազատման դիմումներ գրեցին, բայց դեռ պետք է պարզել, գուցե երեխաներն իրենք ինքնաբուխ են փախել, ծառայողական քննություն են նշանակել ու 16 օր անց ոչ մի նորություն։
ՔՊ առաջնորդի չսիրած վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դրվագներ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներն են արձանագրել։ Ապարանում աշխատանքային ժամին հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրեններ աշակերտների դասերն ընդհատել ու նրանց տարել են վարչապետի հետ հանդիպման։ Դրոշներ ու քարոզչական շապիկներ են տվել ու հրահանգներ արտաքին տեսքի վերաբերյալ։ Աշակերտուհիները ՔՊ քարոզարշավին՝ անպայման հյուսերով։