Մշակույթի տան մի խումբ սաների օրենքների խախտմամբ են ներգրավել իշխանական կուսակցության քարոզչական միջոցառմանը, պնդում է «Ականատես» դիտորդական կազմակերպությունը: Փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր դատարան են դիմել:
Վերին Արտաշատի մշակույթի տան տնօրենի պաշտոնակատար Նինել Գաբրիելյանն ու պարուսույց Տիրուհի Սողոմոնյանն են սաների մասնակցությամբ կազմակերպել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու շոուն: Բուն արարողության ժամանակ էլ շարունակել են ցուցումները, «Ականատես»-ն է նկարագրում տեսածը: Քաղաքական ուժերի ընտրարշավին հետևող դիտորդները պահանջում են, որ կազմակերպիչները պատասխանատվության ենթարկվեն:
«Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենն ու աշխատակիցն իրավուն չունեին քարոզչություն իրականացնել աշխատանքային ժամին, նույնիսկ աշխատանքային ժամից հետո, եթե լիներ ի պաշտոնե գործերից: Տվյալ անձինք տվյալ քարոզչական միջոցառմանը ներկ են եղել ի պաշտոնե», - ասաց Դավիթ Գյուրջյանը:
Ըստ կազմակերպության փաստաբան Դավիթ Գյուրջյանի՝ խախտվել է Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որով արգելվում է հանրային ծառայողին քարոզչության նպատակով օգտագործել ծառայողական պարտականությունների համար նախատեսված միջոցները, նաև մարդկային ռեսուրսը:
«Իրենք չեն ներկայացել որպես սովորական քաղաքացի և ունկնդիր եղել քարոզչությանը, նաև մասնակցել են տվյալ քարոզչական միջոցառման նախապատրաստման իրականացման աշխատանքներին, որն օրենքով արգելված է», - նշեց փաստաբանը:
Վարչապետի ընտրարշավից դեռ ժամեր առաջ են քարոզչական հրապարակում հավաքվում կրթական հաստատությունների աշխատակիցներն ու աշակերտները: «Ազատության» տեսախցիկն էլ է սա արձանագրել Վերին Արտաշատում ու այլ համայնքներում, որ աշխատանքային ժամերին են նաև ակտիվ մասնակցում:
«Ես ավելի ու ավելի շատ սկսում եմ անվանել այս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն այս պրոցեսում անընդհատ ներշնչում են ինձ էլ, համոզված եմ ձեզ էլ, ծնողներին էլ», - հայտարարել է Փաշինյանը:
Օրեր առաջ էլ ընդդիմադիր «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն ձայնագրություն հրապարակեց, որ մի կին ուսանողներին հորդորում է մասնակցել Արմավիրում Փաշինյանի հավաքին: Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Արման Թաթոյանի այս բացահայտմանը ընթացք են տվել, բայց քրեական գործ դեռ չկա:
Արդյոք ընթացք կստանա՞ն դիտորդական առաքելության գրանցած խախտումները, դեռ հայտնի չէ: Արձակուրդ է վերցրել ու իշխանական քարոզչական խմբի հետ շրջում է նաև կրթության փոխնախարարը: Ի՞նչ է մտածում դասերի ավարտից շուտ իշխանության քարոզարշավին ուսուցիչների ու աշակերտների մասնակցության մասին: Լրագրողների հարցին այսօր փոխնախարար Մարտիրոսյանն ուղիղ չպատասխանեց. «Ամեն ինչ արվում է, որ քաղաքականությունը դպրոցներին չհասնի, եթե դա չի վերաբերում որպես քաղաքացի դպրոցից դուրս: Իհարկե պետք է ամեն ինչ արվի, որ չհասնի»:
Իշխող ուժի քարոզչությանը միացել էր նաև ԵՊՀ ռեկտորը
Իշխող ուժի քարոզչությանը երեկ միացել էր նաև մայր բուհի ռեկտորը: Հովհաննես Հովհաննիսյանը, որ Պետական համալսարան տեղափոխվեց իշխանական խմբակցությունից, Ֆեյսբուքում տարածել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեսանյութը, որ բացատրում էր ինչու է՝ մրցակից ուժին մեղադրել պատերազմում չնահատակվելու համար: Պապիկյանը Պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Համալսարանի ռեկտորի այս հրապարակումը տարածվեց՝ քննադատություններով, որ բացահայտ միացել է իշխող ուժի ընտրարշավին: Ավելի ուշ Հովհաննիսյանի այդ էջը դարձավ անհասանելի, նա ապաակտիվացրել է այն, բայց հրապարակման սքրինշոթը պահպանվել է:
Թե ինչո՞ւ էր որոշել ՔՊ-ի քարոզչությանը միանալ, ռեկտոր Հովհաննիսյանից պարզաբանում լսել չհաջողվեց: Նա մեր զանգերին չպատասխանեց:
Սա կրթական միջավայրի խաթարման վկայությունն է. իրավապաշտպան
Բուհերը ապաքաղաքականացնելու խոստումով իշխանության եկած Փաշինյանի օրոք էլ նույն ձեռագիրն է, ինչ նախկինում, համոզվել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Կրթական հաստատություններում թե՛ քարոզչությունն է մտել, թե՛ օրինակ՝ կրթական հաստատությունների ղեկավարներն ակնհայտորեն կիսվում են այնպիսի նյութերով, որոնք քարոզչական են, բովանդակությամբ հակակրթական էն», - ընդգծեց իրավապաշտպանը:
Քաղաքական ուժի քարոզարշավին խառնվելուց բացի մտահոգիչ է ռեկտորի տարածած բովանդակությունը, ասում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ սա կրթական միջավայրի խաթարման վկայությունն է. «Դա բարոյական հստակ ճգնաժամ է, արժեքների ձևախեղման: Սա ցույց է տալիս, որ խախտվել են բոլոր կարմիր գծերը»: