Մատչելիության հղումներ

Ելակ, քարտեզ ու ֆուտբոլային master class. ՔՊ-ի քարոզարշավը Նոր Նորքում

Ելակ ու քարտեզ. վարչապետ Փաշինյանն այսօր միայն այս պայմանով էր մարդկանց բաժանում Հայաստանի քարտեզը:

Ջրվեժից Նոր Նորքի զանգվածով շրջելիս հատկապես երեխաները բակից բակ էին վազում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Փաշինայնից ևս մեկ նկար, ևս մի քարտեզ, ևս մի սրտիկ ստանալու համար։ Փաշինայնն այսօր միայն սեր ու քարտեզ չէր բաժանում, հյուրասիրությունը կիսեց իր հետ նկարվելու, ողջագուրվելու եկած մարդկանց հետ:

Անթիվ անհամար սեֆլիների, սիրո ու շնորհակալության խոսքերի ֆոնին մի փոքրիկ տղա որոշեց դժգոհել վարչապետի աշխատանքից. «Ասֆալտը ջարդած ա, երեխեքը ֆուտբոլ խաղալուց դեմքը խփում են: Ամեն ինչը խափում ենք, ինչ ասել եք, չի եղել»:

Փաշինյանին տեսնելու ուրախությունը, սակայն, այնքան մեծ էր այս բնակավայրում, որ այս տհաճ դրվագը շատ արագ փոխարինվեց սիրո նոր խոստովանությամբ ու նախկիներին պատժելու խնդրանքով։

Փաշինյանի՝ խաղաղության օրակարգն էլ մի խումբ տիկնանց համար էր հույսի աղբյուր՝ ավելի լավ վարչապետ Հայաստանի համար չեն պատկերացնում. «Էս երկիրը Նիկոլից բացի ուրիշ վարչապետ չի ուզում, ունենք խաղաղություն, քանի՞ ամիս է՝ ոչ մի զոհ չունենք՝ բացի էն, որ իրար են սպանում»:

Պատշգամբներից էլ սրտիկներ ուղարկվեցին Փաշինյանին, մի քանի փակվող դռներ ու պատուհաններ էլ եղան, մի փոքրիկ վեճ էլ՝ Փաշինյանի աջակիցների ու նրան թուրք անվանած մի կնոջ միջև, որը, սակայն, արագ հանգուցալուծվեց... վրդովված տիկնոջը հեռացրին տարածքից։

Ի տարբերություն Արաբկիր համայնքի, վարչապետն այսօր ոչ ձայնը բարձրացրեց, ոչ թեժ վեճեր եղան, ոչ էլ մեքենայի թափքից ելույթներ ունեցավ:

Եղավ և՛ հաց, և՛ տեսարան... Թաթայի երաժշտության տակ ՔՊ-ականները պարեցին, բակի երեխաների ուրախությունն էլ կրկնապատկեց քաղաքապետը. ֆուտբոլային master class Տիգրան Ավինյանից:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG