Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու ակնկալիքով։
Անդրանիկ Թևանյանն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող ու պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, փրփուրներից է կախվում»:
«Փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահներին ու ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում դեմ գործ հարուցեն: Այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով», - ասաց Թևանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. - «Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի։ Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։ Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը»։
«Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ», - հայտարարում է ԲՀԿ նախընտրական շտաբը՝ կոչ անելով իրավապահ համակարգին՝ «ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների»։
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հերքել էր, թե Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ վարչապետի թեկնածուն է:
Փաշինյանը Վանաձորում նաև անդրադարձավ Մարտի 1-ի գործին և նշեց. «Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի»:
«Սամվել Կարապետյանը որպես փողեր լվացող, որպես մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող պետք է երկարի տարիներ բանտ նստի Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարեց նա:
Ավելի վաղ Փաշինյանը Մարգահովիտում ասել էր, որ կարևոր հայտարարություն է անելու, որը վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նա մասնավորապես նշել էր, որ լրտեսության մեջ մեղադրվելու մասին փաստեր ունեն և կոնկրետ անուններ է նշելու։