«Չենք պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում», - ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում:
Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին նշել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»:
«Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», - հայտարարել է Պուտինը:
«Քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում հակամարտ... կամ ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, և խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, աշխարհում, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել»,- Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին»։
«Մենք շատ լավ հասկանում ենք, Ռուսաստանից չէ, որ պետք է մեզ ասեն, որ ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են: Հնարավոր չէ մենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ ու դառնանք ԵՄ անդամ: Մեր մոտարկումը Եվրոպական միության հետ շարունակելու ենք, երբ կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնել՝ լինել այս խմբի թե այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք», - ասաց Արարատ Միրզոյանը:
Օվերչուկ. Խնդիրները գործնականում արդեն իսկ ծագում են
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մինչդեռ, վերստին նշել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովում քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:
«Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում», - ТАСС-ի հետ զրույցում ասել է Օվերչուկը՝ պնդելով, թե այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։
«Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ Եվրամիության, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա», - ասել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ «նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն»։
«Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց իր՝ Հայաստանի հանդեպ», - նշել է ՌԴ փոխվարչապետը։