Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն արձագանքում են անկլավների թեմայով Փաշինյանի հայտարարությանը

Ընդդիմադիրները, որոնց Նիկոլ Փաշինյանն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», համոզված են՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։

Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի... սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ... կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի թեկնածու, դաշնակցության Իշխան Սաղաթելյանը շտապեց պնդել՝ Արծվաշենը պատրվակ է, իրականում Բաքվի պահանջն է կատարվելու։

«Ինքը Ալիևի առջև ունի ստորագրած ղազագիր, պարտավորություն և խոստում, որ «օգնեք ընտրվեմ և վաղը մյուս օր նոր տարածքներ կվերադարձնեմ»։ Վերընտրվելու դեպքում ինքը ասելու է, որ «ես չեմ տվել, ժողովուրդն է տվել, որովհետև ես նախօրոք ասել էի, որ տարածքներ եմ հանձնելու, իսկ ժողովուրդը դրա համար ինձ մանդատ և վստահություն տվել է», - նշեց Սաղաթելյանը։

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը շարունակում է՝ ինչո՞ւ Փաշինյանը նույն ջանասիրությամբ չի խոսում Հայաստանի տարածքների դեօկուպացիայի մասին։

«Աշխարհում կա երկրի ղեկավար, որ դուրս է գալիս և ամեն անգամ խոսում է ինչ-որ բան տալու մասին։ Արդեն որերորդ անգամ է՝ ճանապարհն էր սկզբից խանգարում։ Հիմա իրենք ինչ-որ տարածքներ են տեսել, դա է խանգարում, վաղը ուրիշ բան է խանգարելու։ Այս մարդը գտնվում է իրենց գերիշխանության տակ։ Ինքը իր խոստումների գերի է այդ մարդկանց մոտ», - ասաց Նարեկ Կարապետյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ է այսօր արշավի ժամանակ հիշել Փաշինյանի հայտարարությունը անկլավների մասին. «Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձև է բանակցել, որ այսօր այս օրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք, և այսօր կորցնելով գնում ենք։ Երեկ էլ հայտարարեց, որ երեք շրջան հլը պետք է հանձնի, և այդպես գնալու է, դա խաղաղություն չի»։

Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ինքն էր մեղադրում ընդդիմադիրներին, թե տավուշյան չորս գյուղերի դեպքում էլ էին հայկական տարածքների հանձնել գուժում։

«Իսկ էն նախկինում, որ պնդում էին, որ Տավուշը տվին, Տավուշը համարում փրկության շարժում արեցին, եկան Երևան, Վայքը տվին և այլն, տվի՞նք, գործնականում սահմանազատված է 12 կմ։ Նաև ամենօրյա խոսակցություններ, աշխատանքներ են գնում փոխվարչապետների մակարդակով շարունակության և մնացածի հետ կապված, այսինքն ամբողջական սահմանազատում անելու հետ կապված։ Հիմա անընդհատ էս նույն հիմարությունը կրկնել, մարդկանց ուզենալ խաբելը ինչքա՞ն կարելի է»։

Սահմանազատումը, սակայն, Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձից հետո կանգ է առել։ Միայն կա պայմանավորվածություն այն շարունակել հյուսիսից։ Թե ե՞րբ հերթը կհասնի Հայաստանի օկուպացված տարածքներին հստակ չէ։ Երևանը վստահեցնում է, որ այդ հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով, սահմանազատմամբ։ Բաքվից պարբերաբար հնչել են հայտարարություններ, որ հետ չեն քաշվելու:

«Ադրբեջանցիներն էլ ուզում են հայերը դուրս գան այն սանտիմետրներից, որտեղ որ հայերը առաջ են։ Մենք էլ ուզում ենք իրենք այն սանտիմետրներից, որոնք իրենք են առաջ դուրս գան: Սահմանագծում, սահմանազատում. այդ գործընթացը դրա մասին է», - նշեց Սիմոնյանը։

Իսկ անկլավների մասին վարչապետ Փաշինյանը դեռ հինգ տարի առաջ՝ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է. «Անկլավների հարց, այն, որ Ադրբեջանը հետապնդում է և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ, բայց այստեղ էլ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մենք պետք է հասկանանք, լավ այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»։

Հետագայում վարչապետը խոսել է տարածքների փոխանակության կամ ամեն ինչ նույն ձևով թողնելու սցենարների մասին։ Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական և հայկական անկլավները, ըստ տարբեր հաշվարկների, գրեթե նույն տարածքի են. Արծվաշենը մոտավորապես 38-40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական երեք անկլավները միասին շուրջ 44 քառակուսի կիլոմետր։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG