Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններում

Հայկական և այլ բեռնատարներ՝ Լարսի վրաց-ռուսական սահմանային անցակետի հատվածում, արխիվ
Հայկական և այլ բեռնատարներ՝ Լարսի վրաց-ռուսական սահմանային անցակետի հատվածում, արխիվ

Ռուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններում՝ խախտումների հաճախակի բացահայտումների պատճառաբանությամբ: Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» պնդել է, թե Հայաստանից Ռուսաստան մտնող մթերքներում արգելված օրգանիզմներ են լինում, հետևաբար, համարում են, որ հայկական վերահսկողությունը բավարար չի աշխատում։

Հայաստանից Ռուսաստան մտած ծիածանափայլ կարմրախայտի քաշն, օրինակ, կասկածելի են համարել:

«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ կարմրախայտը հերթական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ապրանքին, անբնականորեն ծանր էր կշռում ավելի քան 5,5 կգ-ով: Սա ցույց է տալիս, որ ձուկը սաղմոնների ընտանիքից էր կամ այլ տեսակի կարմրախայտ», - նշված է հայտարարությունում:

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարն ու Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարներն օնլայն հանդիպում են ունեցել: Հայկական կողմն իր հերթին հաստատել է, որ առաջիկայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ու ՍԱՏՄ մասնագետները համատեղ ստուգումներ կիրականացնեն այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնային արտադրանքի ներմուծման կասկածի պատճառով։

Առհասարակ, ԵԱՏՄ-ի կանոններով՝ Հայաստանում ու Ռուսաստանում պետք է անվտանգության և որակի նույն պահանջները գործեն, իսկ երկու երկրների լաբորատոր փորձաքննության պատասխաններն էլ երկուստեք ընդունելի լինեն: Բայց փաստացի ստացվում է, որ ռուսական կողմը որոշ դեպքերում, ավելի շատ իր սեփական ստուգումներին է վստահում և հենց այդ պատճառով էլ ռուս մասնագետները առաջիկայում կգան ու հայ գործընկերների հետ համատեղ ստուգումներ կանեն հայաստանյան ձկնաբուծարաններում, ջերմոցներում և այգիներում:

«Ազատության» զրուցակիցը, որն ավելի քան 10 տարի զբաղվում է Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխմամբ, իր երկարամյա փորձի հիման վրա հետևություններ է անում. «Դրա տակ տեսնում եմ քաղաքական իրավիճակներից առաջացած պատասխան, ուրիշ բան չկա: Փորձագետ էլ պետք չի լինել, որ քննարկենք այդ հարցը»:

«Ռոսսելխոզնադզոր»-ը պնդում է՝ Հայաստանից կարանտինային արտադրանք արտահանողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը, ըստ ծառայության, հայկական կողմը զրույցի ընթացքում ընդունել է, որ «դժվար է իրականացնել ապրանքների հետագծելիությունը, ինչպես նաև բուսասանիտարական վերահսկողությունը»: Հայկական կողմի հայտարարությունում այս մասին ոչ մի տող չկա, ՍԱՏՄ-ից այսօր ոչ մի մեկնաբանություն չտվեցին:

ՍԱՏՄ ղեկավարն ամիսներ առաջ նշել էր, թե Հայաստանից ՌԴ գնացող ապրանքներում հնարավոր է խնդիրներ ծագեն, բայց դրանք շտկվում են. «Նախանցյալ տարի եղավ խնդիր կաթնամթերքի հետ կապված: Խնդիրները պարբերաբար լինում են, այսօր ունենք կազմակերպություններ, որոնք ռուսական կողմից ինչ-որ լաբորատոր անհամապատասխանություն միգուցե գա, մենք իրենց վերցնենք, ռեեստրում կարգավիճակը փոխենք, վերցնենք ուժեղացված ռեժիմի տակ, որից հետո նմուշառում անում ենք, խնդիրը չի լինում: Դա մեր ամեն օրվա աշխատանքն է, որը պարբերական տարբեր կազմակերպությունների հետ լինում է, խնդիրներն ամենօրյա ռեժիմով տարբեր կազմակերպությունների հետ լուծվում են»:

Ապրիլի սկզբին Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո՝ Մոսկվայից սկսել են հաճախակի հորդորել Հայաստանին, արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև: Անցած շաբաթ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի զրույցը:

«Նախագահ Պուտինը ապրիլի 1-ն Կրեմլում վարչապետ Փաշինյանին բաց տեքստով ասել է՝ մենք կհարգենք մեր հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց նաև պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը կանգնի Եվրոպական միությանն անդամակցելու ուղու վրա։ Այնտեղ պարզապես միմյանց բացառող պարտավորություններ են, ներառյալ առևտրային ռեժիմները և շատ այլ բաներ։ Սա մեր դաշնակցային պարտականությունն է՝ բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում, և ինչով է Եվրասիական տնտեսական միությունը տարբերվում Եվրոպական միությունից», - ասել է Լավրովը։

Այսպիսի հայտարարությունները մի խումբ բեռնափոխադրողների մոտ այն տպավորությունն են ստեղծում, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին փոխվում է նաև իրենց աշխատանքը, օրինակ՝ ՌԴ-ի հետ ցամաքային միակ ճանապարհին՝ Լարսում, խնդիրներ են առաջանում, տեղափոխվող բեռներում պարզվում է օտար մարմիններ են լինում:

«11 թվից ես բեռնափոխադրման մեջ եմ, ոչ մի խնդիր չենք տեսել, ավելի վատ ապրանքներ ենք տարել: Հիմա այս պահն այն պահն է, որ իդեալական ապրանք էլ տանենք, միևնույն է այդ ամեն ինչի մեջ հիվանդություն էլ են գտնելու: Դե բոլորս հասուն մարդիկ ենք, ամեն ինչ էլ հասկանում ենք: Հիմա այստեղից մեզ ուրիշ բան են ասում, բայց մենք իրականությունն ուրիշ բան ենք տեսնում», - ասաց բեռնատարի վարորդը:

Չնայած վերջին շրջանում Ռուսաստանը տարբեր ուղղություններով բարձրաձայնում է խնդիրներ՝ ծաղիկների, ձկան, կոնյակի, ինչպես նաև Wildberries-ի և Ozon-ի հարթակներում հայկական ապրանքների վաճառքի սահմանափակումների վերաբերյալ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ռուս գործընկերների հետ հարաբերություններում լարվածություն չի տեսնում։

«Շատ լավ աշխատանքային մթնոլորտ ունենք մեր գործընկերների հետ, հարցեր միշտ էլ եղել են, վաղն էլ են լինելու: Այդ հարցերը նրա համար են, որ լուծվեն», - նշեց Պապոյանը:

Ծաղիկների արտահանման շուրջ նախորդ տարի առաջացած խնդիրներից հետո ռուսական կողմը հայ մասնագետների հետ համատեղ առցանց ստուգումներ է իրականացրել մի շարք ջերմոցներում և մի քանի տասնյակ ընկերությունների թույլատրել է ծաղիկներ արտահանել Ռուսաստան։ Ինչո՞ւ է դրանից հետո ռուսական կողմը շարունակում կասկածներ հայտնել ու դժգոհել՝ Էկոնոմիկայի նախարարությունից հորդորեցին ՍԱՏՄ դիմել, այս կառույցից էլ այսօր պատասխան ստանալ չհաջողվեց:

Իսկ հայկական ապրանքները ՌԴ տանող բեռնափոխադրողը կարծում է՝ այս լարվածությունը կհստակեցվի Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG