Մատչելիության հղումներ

Մարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Փաշինյան

Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, քարոզարշավի 7-րդ օրը Աջափնյակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև խորհրդարանական ընտրությունների նախորդ՝ 2021-ի քարոզարշավին, մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին՝ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով, որով Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով: Այս հոդվածի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է: Օրեր առաջ, սակայն, Գլխավոր դատախազը Ազգային ժողովում հայտարարել էր, թե փաստերը «հիմք են տալիս կարծիք հայտնել», որ այս դեպքում «գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է»:

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Փաշինյանը հայտարարեց ՝ «նա շատ կարդացած, քիչ հասկացած մարդ է, իսկ նրա քաղաքական անփառունակությունը դրա վառ ապացույցն է»:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ևս մասնակցում է հունիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին: Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է:


«Մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա»

«Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն այսօր կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը»։

Փաշինյանը կրկին պնդել է, թե հունիսի 7-ի ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն։ «Հայաստանը որդեգրել է բալանսավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա»։

Վերջին օրերին՝ հատկապես Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովներից, Ուկրաինայի նախագահի այցից ու հակառուսական հայտարարություններից հետո Ռուսաստանը Երևանին բողոքի նոտա է փոխանցել, ինչպես նաև նախագահ Պուտինի մակարդակով պահանջել հնարավորինս արագ ընտրություն կատարել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։

«Մենք մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու»

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ նաև նոր ատոմակայանի կառուցմանը. նախօրեին ՌԴ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե Ռուսաստանի առաջարկը կարող է «հարյուր տարի բավարարել Հայաստանի կարիքները»։

«Մենք նման առաջարկ Ռուսաստանից ստացել ենք, ստացել ենք նաև Կորեայից, Ֆրանսիայից, այլ առաջարկներ էլ ունենք։ Եվ մեր հաշվարկն այն է, որ արևային էներգիայի էս տեմպով մենք էդպիսի մեծ (600-1000 մեգավատանոց) ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը՝ արևը»։

Թեև Հայաստանի կառավարությունն այս հարցով որոշում դեռ չի կայացրել, ՔՊ-ն էլ իր նախընտրական ծրագրում գրել է, թե 2027-ին միայն պետք է որոշեն՝ ինչ տեսակի ատոմակայան է Հայաստանին անհրաժեշտ, վարչապետի թեկնածու Փաշինյանն այսօր ասել է. «Մենք ուզում ենք մոդուլյար ատոմակայան։ Ինչո՞վ է լավ՝ մոդուլյարը, որ մի մոդուլ կառուցում ես, հետո, որոշ ժամանակ անց, կարող ես երկրորդը կառուցել, երրորդը, չորրորդը։ Եվ ամենակարևորը՝ անվտանգության հետ կապված մոդուլային ատոմակայանը, կոպիտ ասեմ, Չեռնոբիլի վթար չի կարող ունենալ»։

Փաշինյանը փաստել է, որ այս տեխնոլոգիան նոր է, բազմաթիվ երկրներում դրանք դեռ նախագծային փուլում են։ «Երբ էդ առաջարկը կլինի, մենք պետք է նայենք նախ՝ տեխնոլոգիայի առաջարկը և գնի առաջարկը», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, թե ընտրությունը լինելու է ոչ թե աշխարհաքաղաքական, այլ՝ զուտ տնտեսական։

Վարչապետը նաև վստահեցրել է, որ Հայաստանը քաղաքական ընտրություն չի կատարում նաև այս հարցում։

«Ամենայն հարգանքով, բայց մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք անում, չենք ուզում անել, որովհետև սա տնտեսական հարց է, մենք ուզում ենք ծրագրի տևականությունը և շահավետությունը Հայաստանի Հանրապետության համար երաշխավորել։ Հիմա Միացյալ Նահանգներն ամենալավ առաջարկը կանի՞, իրենց հետ աշխատենք, Չինաստանն ամենալավ առաջարկը կանի՞, իրենց հետ կաշխատենք, Ռուսաստանն ամենալավ առաջարկը կանի՞, իրենց հետ կաշխատենք, Ֆրանսիան կանի առաջարկ՝ իրենց հետ կաշխատենք, Հարավային Կորեան կանի՞, իրենց հետ կաշխատենք։ Էս ա պատմությունը։ Բայց, ցավոք, Հայաստանում էլ երբեմն ընկալվում է, որ դա քաղաքական ընտրության հարց է։ Ոչ, դա քաղաքական չէ, մաքուր տնտեսական հարց է»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG