Մատչելիության հղումներ

Փարիզում ՀՀ նոր դեսպանատան բացմանը Արցախի ներկայացուցիչն ու թեմի առաջնորդը չեն հրավիրվել

Լրացված
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը, Փարիզ, 28-ը ապրիլի, 2026թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը, Փարիզ, 28-ը ապրիլի, 2026թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Ֆրանսիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Փարիզում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատան բացմանը երեկ չեն հրավիրվել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, դժգոհություն է հայտնել արարողությանը մասնակցության հնարավորությունից նրանց զրկելու կապակցությամբ։

Խորհուրդը տարածած հայտարարությունում նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-սփյուռք հարաբերությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։

«Դեսպանությունը ներկայացնում է հայկական պետությունը և, դրանից անդին, հայ ժողովրդին իր ողջ բազմազանությամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծություններից և կուսակցական հաշվարկներից», - ասված է հայտարարությունում:

Արտգործնախարարությունը չի արձագանքել:

2022 թվականի հուլիսին CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան․ նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այդ որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպմանը Փափազյանի ենթադրյալ մասնակցությամբ։

«Բոլոր այն անձինք կամ մարմինները, կազմակերպությունները, որ ընդդիմացել են այս ռեժիմին, իրենց սև ցանկում են ընդգրկում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

«Քանի ր հարց ունեն Էջմիածնի հետ, եկեղեցու հետ, հալածում են եկեղեցին, սև ցանկում ընդգրկում են սրբազանի: Քանի որ հարցեր ունեն արցախցիների հետ, սև ցանկում ընդգրկում են Հովհաննես Գևորգյանին: Քանի որ ընդդիմություն կա, որ աշխուժանում է այսօր Հայաստանում և ի վիճակի է հաղթել առաջիկա ընտրություններում, սև ցանկում ընդգրկում են ինձ և Արա Թորանյանին, որովհետև ընդդիմացել ենք այս կառավարությանը, այս ռեժիմին, հայտարարում ենք մեր տարբերությունները», - պնդեց Փափազյանը:

«Կարծում եմ՝ մեր իրավունքն է առողջ երկրում կամ առողջ ազգի մեջ պետք է ապրեցնենք տարբերությունները և պետք է նաև քաջալերենք այդ տարբերությունները, որովհետև այս տարբերությունները մեր հարստությունն են», - ընդգծեց CCAF-ի համանախագահը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG