Այսօր առավոտյան ժամը 10-ին Հայաստան էր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Մուստաֆաևը նաև սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահն է։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում է եղել: Տարածքը հսկվում էր, հանդիպումն էլ փակ է եղել լրագրողների համար:
Ավելի ուշ Մուստաֆաևին ուղեկցող տասից ավելի ավտոմեքենա դուրս եկավ հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով էր: Մեքենաների շարքում էր նաև Սամվել Ալեքսանյանի հետ կապվող մասնավոր ավտոմեքենան:
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Բաքու ուղևորվեց ժամը 18-ին:
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:
«Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:
Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:
Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Գրիգորյանը և Մուստաֆաևը նաև «առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:
«Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։
Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։
Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ», - ասված է ԱԳՆ հայտարարությունում: - «Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ»:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Նույնպիսի հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը:
Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում:
Անցած տարվա վերջին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում՝ ալյումինի, ալյումինի փայլաթիթեղի, ֆերոմոլիբդենի, միրգ-բանջարեղենի, որոշ տեսակի խմիչքների, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքների:
Այս ամսվա սկզբին էլ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել: «Կոնկրետ փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է», - ասել էր նախարարը: