Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը նախատեսում են հունիսի երկրորդ կեսին հանդիպել

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոնկրետ օր չհայտնեց, միայն ասաց, որ հանդիպումը նախատեսված է հունիսի երկրորդ կեսին:

Հանդիպման ժամկետը, որ նշեց Նիկոլ Փաշինյանը, հաջորդում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին:

«Ազատության» հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է երեկ Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում, և արդյոք անկախ ՌԴ-ի դիրքորոշումից որոշում կկայացվի այս հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են: Մենք շարունակելու ենք աշխատանքը»:

ՀՀ վարչապետն ասաց, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ:

«Երկաթուղու հետ կապված հարցն ընդհանրական պարզ է՝ հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա», - ասաց նա:

Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո կողմերը թեև համաձայնության չէին հասել, բայց վարչապետը հայտարարել էր՝ երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն:

«Ազատության» մյուս հարցին, թե ղազախական կողմը TRIPP-ում ներդրումնե՞րն է քննարկում ադրբեջանական կողմի հետ, վարչապետը պատասխանեց, որ «մարդիկ ուզում են հասկանալ»՝ «Թրամփի երթուղին» ինչ հնարավորություններ է բացելու, որպեսզի իրենք էլ իրենց հաճախորդներին առաջարկեն ճանապարհներով անցման տարբերակներ: Փաշինյանը հավելեց՝ Աստանան կարող է նաև ներդրումային հնարավորություններ էլ ունենալ, որոնք կարող են լինել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:


XS
SM
MD
LG