Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ կա երեք սուբյեկտ, որ կարող է գնահատական տալ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ իրավապահները, ՀՀ քաղաքացիները և իր կուսկցականները՝ վարչության նիստում:
«Առաջինն իրավապահ մարմիններն են, եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն, եթե գտնեն՝ էն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, կարձագանքեն: Երկրորդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, Հայաստանի ժողովուրդն է, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ աջակցության խոսքեր էին գրեl: Երրորդ սուբյեկտն իմ կուսակցությունն է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ միջադեպը կուսակցությունում չի քննարկվել:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չի քննարկվելու վարչությունում։ Նա ասաց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում:
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց՝ իր կարծիքով դա կազմակերպված էր:
«Ես գիտեմ՝ դա ում կողմից է կազմակերպված, վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքեր շատ են լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված: Գալ որդեկորույս ծնողների, բարեկամների մեջ խառնվել ու քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել ու ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, էդ ո՞նց է ստացվում, ես քաղաքացի չե՞մ», - ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց՝ «սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս պնդեց, որ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ եղել է լուրջ սադրանք:
Ազգային ժողովի նախագահի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, հնչել են փոխադարձ հայհոյանքներ:
Միջադեպից հետո Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» հայտնել է, որ բերման ենթարկվածներն են ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է: