Մատչելիության հղումներ

Իրանցի փախստական ծանրամարտիկը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա Գերմանիայի դրոշի ներքո

Իրանցի փախստական ծանրամարտիկ Յետկա Ջամալին թեև հույս ունի հաջորդ ամիս Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճել իր նոր հայրենիքի՝ Գերմանիայի համար, սակայն մտքերը ծննդավայր Իրանի հետ են։

«Երբեմն տխրում եմ, երբեմն լացում եմ», - DPA գործակալությանը ասել է Ջամալին՝ խոսելով Իրանում բողոքի ցույցերի ճնշումների և պատերազմի մասին։

Նա պատմել է, որ ընտանիքը շարունակում է մնալ Իրանում, որը փետրվարի վերջից Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարձակումների է ենթարկվում։

Ջամալին Իրանից հեռացել է 17 տարեկանում՝ օգտվելով 2022 թվականի պատանեկան աշխարհի առաջնությունից, որը անցկացվում էր Հունաստանում։ 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Փարիզում նա հանդես է եկել Միջազգային Օլիմպիական Կոմիտեի փախստականների թիմի կազմում։ 21-ամյա մարզուհին այժմ առաջին անգամ խոշոր առաջնությունում հանդես կգա Գերմանիայի դրոշի ներքո։

Ջամալին հայտնել է պարբերականին, որ Գերմանիայում մասնակցում է Իրանի կառավարության դեմ անցկացվող ցույցերին և աջակցում է արտերկրում գտնվող իրանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռեզա Փահլավիին։ Վերջինս Իրանի վերջին շահի որդին է, որը տապալվել էր 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ։

«Կարծում եմ՝ մեր ժողովրդի 99 տոկոսը ցանկանում է, որ նա լինի նախագահ», - ասել է փախստական մարզիկը։


XS
SM
MD
LG