Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը հույս է ներշնչում երկրին, հայտարարել է նրա զարմիկ Մահմուդ Մորադխանին, որը բնակվում է Ֆրանսիայում և դեմ է Իսլամական Հանրապետությանը։
«Ինչպես իրանցիների մեծ մասը, ես երջանիկ եմ», - France Presse-ին ասել է Խամենեիի քույրերից մեկի որդին, որը բժիշկ է, - «Ես շատ ուրախ եմ Ալի Խամենեիի մահվան համար։ Կարծում եմ՝ սա քայլ է առաջ, հույս է»։
«Պատերազմը և ռազմական միջամտությունները մի փոքր դանդաղեցնում են քաղաքական գործընթացը, ինչը փոքր-ինչ ցավալի է, բայց գուցե մենք ստիպված էինք անցնել դրա միջով», - ասել է Մորադխանին։
Նա կանխատեսել է, որ իսլամական ռեժիմը հավանաբար չի կարողանա գոյատևել Խամենեիի սպանությունից հետո։ «Ռեժիմի ներքին մրցակցությունն այնքան մեծ է, որ այն չի կարողանա դիմադրել դրանց, այն պետք է անհետանա և իշխանությունը տա ժողովրդին», - հայտարարել է Մահմուդ Մորադխանին։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ Իրանի դեմ արշավի շրջանակում պատրաստվում է գրեթե 100 հազար պահեստազորայինի մոբիլիզացնել և բարձրացնում է իր մարտական պատրաստվածության մակարդակը տարբեր ճակատներում։
The Times of Israel թերթի տվյալներով՝ առնվազն 50 հազար պահեստազորային արդեն իսկ ծառայության մեջ է։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան և բրիտանական երեք նավթատար նավեր է հրթիռակոծել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։
Հայտարարությունում նաև պնդում է արվում, որ հարվածներից հետո տանկերներում հրդեհ է բռնկվել։
Թեհրանի շենքերից մեկը՝ ԱՄՆ-Իսրայել օդային հարվածներից հետո։
Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը՝ չպատասխանել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացվող հարվածներին։ Աբբաս Արաղչին ասել է, որ երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու հարցում ոչ մի «սահմանակակում չկա» իրենց համար։
«Ոչ ոք չի կարող մեզ ասել, որ «դուք իրավունք չունեք պաշտպանվելու»։ Մենք պաշտպանում ենք մեզ, ինչ էլ որ լինի, և մենք չենք տեսնում որևէ սահմանափակում մեր ժողովրդին պաշտպանելու, մեր ժողովրդին պաշտպանելու համար», - ABC News-ին ասել է Արաղչին։
«Այն, ինչ Միացյալ Նահանգներն անում է, ագրեսիայի ակտ է։ Այն, ինչ մենք անում ենք, ինքնապաշտպանություն է։ Այս երկուսի միջև հսկայական տարբերություններ կան», - հավելել է իրանցի պաշտոնյան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Թրամփը նախազգուշացրել Է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն կամ դիմակայել անխուսափելի մահվան»:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փակել Է Թեհրանում իր դեսպանատունը և Իրանից հետ է կանչել իր դեսպանին ու դիվանագիտական անձնակազմի բոլոր անդամներին՝ ի պատասխան Թեհրանի կողմից իր տարածքի վրա հարձակումների:
Նախարարությունը շեշտել է, որ Իրանի ագրեսիվ գործողությունները քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բնակելի տարածքների, օդանավակայանների, նավահանգիստների և սպասարկման օբյեկտների դեմ, որոնք վտանգում են քաղաքացիական անձանց կյանքը, վտանգավոր և անպատասխանատու լարվածության աճի են բերում և միջազգային իրավունքի խախտում են:
Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ փետրվարի 28-ին ամերիկյան B-2 անտեսանելի ռմբակոծիչները հարված են հասցրել իրանական բալիստիկ հրթիռների կայանքներին:
Ռմբակոծիչները զինված էին 907 կիլոգրամ ռումբերով, գրել է հրամանատարությունը X-ում՝ հավելելով, որ «ոչ մի ազգ երբեք չպետք է կասկածի տակ դնի Ամերիկայի վճռականությունը»:
ԱՄՆ-ն այդ ռմբակոծիչներն օգտագործել է նաև 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելիս:
Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Նա ասել է, որ բրիտանական ինքնաթիռներն արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին և որսացել են Իրանի հարվածները: Նա հավելել է, որ Պարսից ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:
Բրիտանական պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ Կիպրոսում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի բազան դարձել է անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածի թիրախ: