Մատչելիության հղումներ

Iran
Iran

եթերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը սպանվել է

Գլխավորը՝ համառոտ

18:06 1.3.2026

Իրանի արտգործնախարարը Al Jazeera-ին ասել է, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթաց, և այսօր ստեղծվել է Անցումային խորհուրդ, որը կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ»։ Խորհուրդը կազմված է նախագահից, դատական համակարգի ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։

Այս երեք հոգանոց խումբը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Իսկ հետո տեղի կունենա Փորձագետների ժողովի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, որը, թերևս, կարճ ժամանակ կպահանջի, գուցե մեկ կամ երկու օրից նրանք երկրի նոր առաջնորդ կընտրեն, ասել է նա։

Արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանը որևէ սահմանափակում չունի ինքն իրեն պաշտպանելու հարցում:

Գերագույն առաջնորդի սպանությունը «շատ լուրջ և աննախադեպ գործողություն է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում», հավելել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ շեշտելով, որ Խամենեի սպանությունը առճակատումն ավելի բարդ և վտանգավոր կդարձնի։


18:09 1.3.2026

Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չորս բալիստիկ հրթիռներով թիրախավորել է ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը:

18:30 1.3.2026

Այսօր Թեհրանին Իսրայելի հասցրած հարվածների թիրախներից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբ-բնակարանն է եղել, հաղորդում է Fars-ը։

Ըստ լրատվական գործակալության՝ հարված է հասցվել նաև բանակային հիվանդանոցին, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորի մի քանի բազաների, որոնք կարևոր դեր են խաղացել հունվարին բողոքի ցույցերը ճնշելու գործում։


ԻՀՊԿ-ի շտաբ-բնակարանը (հայտնի որպես Թար-Ալլահ), անցյալ տարվա հունիսին ևս հրթիռակոծվել էր: Այն կենտրոնական հրամանատարական կետ է, որը զբաղվում է մայրաքաղաքում անվտանգության հետ կապված խոշոր միջադեպերով և գործում է ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարության անմիջական հսկողության ներքո:

Ճգնաժամային իրավիճակներում, երբ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հրաման է տալիս, Թար-Ալլահը վերահսկողություն է ստանձնում քաղաքի անվտանգության նկատմամբ։ Այդ իրավիճակներում ոստիկանությունը, նախարարությունները, ինչպես նաև Թեհրանում գտնվող ԻՀՊԿ-ի և Բասիջի ուժերը գործում են հենց այս կառույցի հրամանատարության ներքո։

18:47 1.3.2026

Իրանի արտգործնախարարն Al Jazeera-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ Իրանը որևէ խնդիր չունի Պարսից ծոցի մյուս կողմում գտնվող երկրների հետ։ «Մենք բոլորի հետ ունենք բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ և վճռական ենք շարունակել այդ հարաբերությունները», - ասել է նա։

Այն, ինչ Իրանն անում է, իրականում ինքնապաշտպանություն է և պատասխան Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային։ «Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա, մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա»,- շեշտել է նա։

Իրանցի պաշտոնյան ասել է, որ երբ ԱՄՆ բանակը հարձակվում է իրենց երկրի վրա, իրենք այլ ելք չունեն, քան պաշտպանվելը։ «Իհարկե, մենք չենք կարող խոցել ԱՄՆ տարածքում գտնվող որևէ թիրախ, ուստի ստիպված ենք գործ ունենալ տարածաշրջանում նրանց բազաների և տարածաշրջանի երկրներում նրանց կողմից օգտագործվող օբյեկտների կամ կայանքների հետ»,- ասել է նա։

Արաղչին ասել է, որ Իրանը սկսել է հարվածել ամերիկյան ռազմական բազաներին, որոնց անձնակազմը տարհանվել է և գնացել հյուրանոցներ, որոնք իրենց համար դարձրել են կենդանի վահաններ։ «Մենք փորձում ենք թիրախավորել միայն զինվորական անձնակազմին և այն օբյեկտները, որոնք օգնում են ԱՄՆ զինվորականներին Իրանի դեմ գործողություններում»,- պնդել է նա։

Իրանի արտգործնախարարը նաև վստահեցրել է, որ ներկայումս մտադիր չեն փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև որևէ ծրագիր չունեն անել «ինչ-որ բան, որը կարող է խաթարել նավարկությունը այս փուլում»։

19:03 1.3.2026

Կոնտեյներային փոխադրումներ իրականացնող աշխարհի խոշորագույն Maersk ընկերությունը հայտարարել է, որ «անվտանգության» նկատառումներից ելնելով՝ դադարեցնում է բեռնատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է նաև աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։

«Մենք դադարեցնում ենք Հորմուզի նեղուցով բոլոր նավերի անցումները մինչև հետագա ծանուցումը։ Մեր անձնակազմի, նավերի և հաճախորդների բեռների անվտանգությունը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը», - ասվում է դանիական խմբի տարարած հայտարարությունում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի վաղ հայտարարել էր նեղուցի փակման մասին, թեև արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ ներկայումս մտադիր չեն փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև որևէ ծրագիր չունեն անել «ինչ-որ բան, որը կարող է խաթարել նավարկությունը այս փուլում»։

Չնայած Հորմուզի նեղուցը բավական նեղ է (39 կմ), այստեղով են անցնում աշխարհի խոշորագույն նավթատարները, Մերձավոր Արևելքի նավթի և գազի խոշոր արտահանողները հենց այս ուղին են օգտագործում՝ միջազգային շուկաներ իրենց ապրանքները տեղափոխելու համար։

19:05 1.3.2026

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում իր ուժերը հարվածել են իրանական նավի:

««Ջամարան» դասի կորվետը «ներկայումս խորտակվում է Օմանի ծոցի հատակը՝ Չահ Բահարի նավահանգստում»,- ասվում է հրամանատարության X-ի էջում հրապարակված հայտարարությունում։

19:27 1.3.2026

Իրանի Մինաբի նահանգում օրիորդաց դպրոցի վրա երեկ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով 153 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի դատական համակարգին կից Mizan լրատվական գործակալությունը՝ իրանցի պաշտոնյայի հղումով։

Մեկ այլ իրանցի պաշտոնյա ավելի վաղ ասել էր, որ դպրոցին, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայից մոտ 600 մետր հեռավորության վրա, երեք հրթիռ է հարվածել։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն ասել է, որ «տեղյակ չէ» տարածքում որևէ գործողության մասին։ «Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ամերիկացիներն ասում, որ իրենք ստուգում են միջադեպը», - հավելել է նա։

19:30 1.3.2026

Կիրակի առավոտից ի վեր Իրանի դեմ իրականացվող «Էպիկական զայրույթ» մարտական գործողությունների ժամանակ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ևս հինգը «ծանր վիրավորվել են», հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

19:32 1.3.2026

Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանի մայրաքաղաքին։

«Ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանի սրտում»,- հայտարարել է գերատեսչությունը X-ի իր էջում։

19:34 1.3.2026

ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա իրանական հրթիռային հարձակումը չի ազդել, այն շարունակում է իր աշխատանքը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG