ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմը կարգավորելու Իրանի վերջին առաջարկից, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ամերիկացի մի պաշտոնյա։
Ավելի վաղ ամերիկյան Axios-ը հղում անելով իր աղբյուրներին՝ հաղորդեց, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել: Ըստ Axios-ը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն էլ առաջարկվում է հետաձգել ավելի ուշ փուլի:
Դա, ամենայն հավանականությամբ, չի բավարարի Միացյալ Նահանգներին, որը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է քննարկվեն հենց սկզբից, և հենց այդ պատճառով Դոնալդ Թրամփը դժգոհ էր Իրանի առաջարկից, անանուն մնալու պայմանով՝ ասել է ամերիկացի պաշտոնյան:
Սպիտակ տունը հաստատում է Իրանի հետ խաղաղության նոր առաջարկի քննարկումը
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը նախօրեին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 27-ին իր անվտանգության ավագ օգնականների հետ քննարկել է երկամսյա պատերազմը կարգավորելու Իրանի նոր առաջարկը։
Ավելի վաղ ամերիկյան Axios-ը հղում անելով իր աղբյուրներին՝ հաղորդեց, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել: Ըստ Axios-ը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն էլ առաջարկվում է հետաձգել մինչև պատերազմի ավարտը:
«Միայն այն պատճառով, որ դրա մասին հաղորդվել է, ես կհաստատեմ, որ նախագահն այսօր առավոտյան հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Լևիթը՝ հավելելով, որ հանդիպումը «հնարավոր է շարունակվի»։
«Միայն կկրկնեմ, որ նախագահը շատ հստակ ուրվագծել է իր կարմիր գծերը Իրանի հարցում, ոչ միայն ամերիկյան հանրության, այլև հենց իրանցիների համար», - ասել է Սպիտակ տան խոսնակը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հաստատել էր Fox News-ին, որ Վաշինգտոնը ստացել է նոր առաջարկը։ Նա նշել է, որ իր կարծիքով Իրանի ղեկավարությունը «լրջորեն է տրամադրված» խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում՝ մեծ տնտեսական ճնշման և արդյունաբերական ու ռազմական կարողությունների պակասի պայմաններում։
Արաղչին ողջունել է Մոսկվայի աջակցությունը դիվանագիտական ջանքերին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական ջանքերին և բարձր է գնահատում երկու երկրների միջև կապերի ամրությունը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել նրանց ռազմավարական գործընկերության խորությունը։
Ռուսաստանն առաջարկել է ցանկացած միջնորդական ծառայություն՝ Իրանի շուրջ հակամարտությունը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար։
Ռուսաստանի նախագահը հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի «դժվար ժամանակաշրջանը», և որ խաղաղությունը կհաղթի։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ կայացել է Վլադիմիր Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի հանդիպումը։
Ըստ ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության՝ Պուտինն ասել է, որ Իրանի և տարածաշրջանի այլ երկրների շահերին համապատասխան Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը որքան հնարավոր է շուտ հաստատվի։
Ըստ իրանական աղբյուրի՝ Պուտինն Արաղչիի միջոցով իր լավագույն մաղթանքներն է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին և նախագահ Փեզեշքիանին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նախօրեին երկրի հարավում Իսրայելի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ինչը Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև մեկ շաբաթ առաջ ուժի մեջ մտած հրադադարից ի վեր ամենամահաբեր օրն է։
Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ փխրուն հրադադարի ֆոնին Իսրայելի բանակն իր կողմից օկուպացված «բուֆերային գոտուց» դուրս գտնվող յոթ բնակավայրերի բնակիչներին զգուշացրել էր լքել քաղաքները։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ զոհերի թվում երկու երեխա և երկու կին կա, հաղորդվում է 37 վիրավորի մասին: Իսրայելը հայտարարել է, որ իր զինվորներից մեկը զոհվել է։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ իրենց «պարտավորեցնում է Իսրայելի, իրենց զինվորների, իրենց համայնքների անվտանգությունը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկության դեպքում «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է խոսել, հավելելով, սակայն, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած ծրագրից, հակառակ դեպքում «հանդիպելու ոչ մի պատճառ չկա»։
«Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ, կամ կարող են զանգահարել մեզ։ Գիտեք՝ հեռախոս կա։ Մենք ունենք լավ, անվտանգ հեռախոսագծեր, - նախօրեին Fox News-ին ասել է Թրամփը:
«Նրանք գիտեն, թե ինչ պետք է լինի համաձայնագրում։ Դա շատ հստակ է․ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, այլապես հանդիպման ոչ մի պատճառ չկա»,- ասել է Թրամփը։
Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել, գրում է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ Axios-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են. ավելի ուշ կընթանան։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է պատերազմի զարգացումները քննարկելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման հրատապ անհրաժեշտությունը, հայտնել Է Դաունինգ սթրիթը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարիք ալ-Սայիդի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ուժեղացնում է անկայունությունն ու պառակտումը:
Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ, որը զերծ կլինի արտաքին միջամտությունից: