Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը Իրանին կոչ է անում «հնարավորինս շուտ խելքի գալ»

Գլխավորը՝ համառոտ

18:37 21.4.2026

Բանակցությունների հնարավորության մասին CNBC-ի հարցին ի պատասխան՝ Սպիտակ տան առաջնորդը պնդել է, որ Իրանը պատվիրակություն կգործուղի Իսլամաբադ, չնայած Թեհրանից չեն հստակեցնում՝ պատվիրակներ կգործուղե՞ն Իսլամաբադ, թե՞ ոչ։

«Երբ ասացին, որ չեն ուղարկի, ես ասացի՝ կուղարկեն։ Այլ տարբերակ, քան ուղարկելն է, չունեն։ Իմ կարծիքով՝ շատ լավ գործարք ենք կնքելու», - ասել է նախագահ Թրամփը։

17:13 21.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մեկ օր է մնում:

«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- ⁠CNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա, - Մենք այդքան ժամանակ չունենք»:

Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ «բանակցային շահեկան դիրքեր ունի և ի վիճակի է շատ լավ գործարք կնքել»։

16:46 21.4.2026

Ապրիլի 20-ի գիշերն ամերիկյան ուժերը հարավասիական ջրերում գրոհել են պատժամիջոցների տակ գտնվող «M/T Tifani» անունը կրող նավը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

«Մենք կշարունակենք համաշխարհային ծովային վերահսկողության գործողությունները՝ խափանելու անօրինական ցանցերը և կասեցնելու Իրանին նյութական աջակցություն տրամադրող, պատժամիջոցների տակ գտնվող նավերի ընթացքը, որտեղ էլ որ դրանք լինեն, - ասված է Պենտագոնի հայտարարության մեջ»:

ԱՄՆ-ն շեշտել է՝ միջազգային ջրերը ապաստարան չեն պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար: Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտարարել է՝ «կշարունակի զրկել անօրինական դերակատարներին և նրանց նավերին ծովային տիրույթում ազատ գործելու հնարավորությունից»։

Հայտարարությանը կից նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ռազմական ուղղաթիռները թռչում նավթատարի շուրջ՝ վայրէջք կատարելով դրա վրա։

Ըստ Վաշինգտոնի՝ գործողության ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։

14:36 21.4.2026

Չնայած Լիբանանում ևս հրադադար է հաստատված, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կշարունակեն գործողությունները Լիբանանի հարավում՝ պաշտպանելու իսրայելական զորքը և նվազեցնելու «Հեզբոլլահ»-ից եկող սպառնալիքը։

Իսրայել Կացն ասել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժման նախկին առաջնորդը ոչնչացրել է Լիբանանի շիա համայնքը:

14:36 21.4.2026

Իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է «անհապաղ և վճռական պատասխան» տալ ցանկացած նոր հարձակման:

Բանակի խոսնակը պնդել է, թե Իրանը պահպանում է գերիշխանությունը ռազմի դաշտում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում: Իրանը նաև ԱՄՆ նախագահին թույլ չի տա «տեղում իրավիճակի վերաբերյալ կեղծ պատմություններ ստեղծել», ասել է նա։

14:34 21.4.2026

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Թրամփը չի կարող Իրանին որևէ բան պարտադրել: Ըստ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի՝ նրան այդ հարցում չեն օգնի ո՛չ իրանական նավահանգիստների շրջափակումը, ո՛չ էլ հրադադարի խախտումները: ԱՄՆ-ն պարզապես փորձում է արդարացնել պատերազմի վերսկսումը, սակայն Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սոցցանցում գրել է նա:

«Մեզ համար անընդունելի է սպառնալիքների ստվերի տակ բանակցություններ վարելը, և վերջին երկու շաբաթների ընթացքում մենք պատրաստվել ենք մարտի դաշտում նոր խաղաքարտեր բացահայտել», - նշել է նա։

14:32 21.4.2026

Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում՝ տեխնիկական թիմից, չի մեկնել Իսլամաբադ: Սակայն ԱՄՆ նախագահը, որը քիչ հավանական է համարել հրադադարի երկարաձգումը, վստահություն է հայտնել, որ Իրանը կգա բանակցությունների:

14:31 21.4.2026

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ դեռ պարզ չէ՝ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն Իսլամաբադում՝ ավարտելու պատերազմը: Ամերիկյան մամուլը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան կմեկնի այսօր: Ըստ Al Jazeera-ի՝ Ջեյ Դի Վենսն Իսլամաբադում կլինի չորեքշաբթի:

09:09 21.4.2026

ԱՄՆ նախագահը պնդում է՝ գործարքը, որի շուրջ Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, շատ ավելի լավն է լինելու, քանի գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականի համաձայնությունը, որից Դոնալդ Թրամփը դուրս բերեց Վաշինգտոնին իր առաջին նախագահության շրջանում:

Երկուշաբթի օրը իր Truth Social սոցիալական ցանցում գրառումներում Սպիտակ տան ղեկավարը, քննադատելով Դեմոկրատական կուսակցությանը, նախկին նախագահներ Բարաք Օբամային և Ջո Բայդենին ու ամերիկյան հայտնի լրատվամիջոցներին, հայտարարել է, որ ճնշում չի զգում Իրանի հետ գործարք կնքելու, բայց կանխատեսել է, որ բավականին շուտով համաձայնություն ձեռք է բերվելու:

Թրամփի հավաստմամբ՝ Իրանի 2015-ի համաձայնությունը, որից ինքը ԱՄՆ-ին դուրս բերեց երեք տարի անց, «դեպի Միջուկային Զենք երաշխավորված ճանապարհ էր» Թեհրանի համար:

«Եթե գործարք տեղի ունենա ԹՐԱՄՓԻ օրոք, այն կերաշխավորի Խաղաղություն, Անվտանգություն ոչ միայն Իսրայելի և Միջին Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի համար և ամենուր», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:


09:06 21.4.2026

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա երթևեկության համար»:

Երեկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցում Չինաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կբխի «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG