Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին որոշումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռшզմական գործողությունները: Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար», - X-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Հռոմի պապը ողջունել է երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը
Հռոմի պապ Լեոն 14-րդն այսօր հայտարարել է, որ «մեծ գոհունակությամբ» ողջունում է Իրանի պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։
«Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար վերջին ժամերի մեծ լարվածության լույսի ներքո ես գոհունակությամբ ողջունում եմ... երկշաբաթյա անհապաղ զինադադարի մասին հայտարարությունը», - ասել էՀռոմի պապը:
Թուրքիան հայտարարել է, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին
Թուրքիան ողջունել է Իրանի պատերազմում հրադադարը և հայտարարել, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը և նշել, որ բոլոր կողմերը պետք է հետևեն համաձայնագրին։
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան բանակցային թիմը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Հետքայլ՝ անդունդի եզրից». Կալլասը ողջունել է ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն այսօր ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը՝ այն համարելով «հետքայլ՝ անդունդի եզրից»:
«Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը «ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ նվազեցնելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռային հարձակումները, վերականգնելու նավագնացությունը և դիվանագիտության համար տարածք ստեղծելու՝ երկարատև համաձայնության հասնելու ուղղությամբ», X-ում գրել է Կալլասը:
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ», - հավելել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Մակրոնը կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրում
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը, սակայն հավելել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական և կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրի մեջ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից, բաժնետոմսերն ու պարտատոմսերը կտրուկ աճել են:
Սթարմերը մեկնում է Մերձավոր Արևելք՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Պարսից ծոցի գործընկերների հետ բանակցություններ վարելու, որպեսզի ԱՄՆ-Իրանի միջև կնքված երկշաբաթյա հրադադարից հետո Հորմուզի նեղուցի մշտապես բաց մնա , հայտնել է վարչապետի գրասենյակը։
«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը որոշակի թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին», - ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։
«Հիմա նպատակը պետք է լինի պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները». Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը։
«Հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները», - ասել է Մերցը։ «Դա կարող է իրականացվել միայն դիվանագիտական ուղիներով»։
Իրանցիներն արձագանքում են հրադադարի մասին հայտարարությանը Թեհրանի Էնքելաբ հրապարակում