ԱՄՆ պետդեպարտամենտը կիրակի օրը հայտնել է, որ անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով հրամայել է ամերիկացի դիվանագետներից շատերին և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան։
Միացյալ Նահանգները սկսել է Պարսից ծոցի արաբական երկրներից ոչ հիմնական աշխատակիցների դուրսբերումը անցյալ երկուշաբթի՝ պատերազմի սկսվելուց երեք օր անց։ Երեքշաբթի օրը Ռիադում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է կամավոր մեկնումները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «միասնական» և կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ։
Իրանի զինված ուժերի ղեկավարությունը հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, հաղորդել են պետական ԶԼՄ-ները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել հետևել նոր գերագույն առաջնորդին։
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին ասել է, որ Մոջթաբա Խամենեին ի վիճակի է ղեկավարել երկիրը ներկայիս դժվարին պայմաններում՝ կոչ անելով միասնության նոր առաջնորդի շուրջ։
ԱՄՆ-Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 1332 քաղաքացիական անձ, և վիրավորվել են հազարավոր մարդիկ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը։
Իսրայելի բանակը հայտարարում է, որ սկսել է հարձակումների ալիք կենտրոնական Իրանում:
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Թել Ավիվն իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել ցանկացած նոր գերագույն առաջնորդի, ով իշխանության կգա Ալի Խամենեիի մահից հետո։
Երբ հայտարարությունից առաջ նրան հարցրել են՝ արդյոք Իսրայելը փորձելո՞ւ է սպանել նոր առաջնորդին, Լապիդը պատասխանել է. «Դա կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդը»։
Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի գերագույն առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից առաջ զգուշացրել է, որ «Իսրայելը կշարունակի հետևել ցանկացած ժառանգորդի և յուրաքանչյուրին, ով կփորձի նշանակել ժառանգորդ» և «չի հապաղի թիրախավորել» Փորձագետների խորհրդի անդամներից որևէ մեկին, որոնք մասնակցում են նոր առաջնորդի ընտրության նիստին։
Խամենեիի նշանակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանը հայտարարել է, որ հրթիռների համազարկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Պետական հեռարձակող IRIB-ն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է արկի լուսանկար, որի վրա գրված է․ «Ձեր հրամանով, Սեյյեդ Մոջթաբա»։
Իրաքյան Քրդստանում՝ Էրբիլի օդանավակայանի մոտակայքում, ԱՄՆ ռազմական բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակում է տեղի ունեցել, Reuters-ին հայտնել են անվտանգության ծառայությունները:
Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին:
Նոր ղեկավարի ընտրության համար պատասխանատու Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի երրորդ գերագույն առաջնորդ է նշանակվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին:
Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում և կկրի գրեթե բռնապետական լիազորություններ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը՝ հայտարարելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։
NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հրադադար են պահանջում»: «Սա տեղի չի ունենալու:Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք է շարունակենք պայքարը մեր ժողովրդի անվտանգության համար»։
Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շարունակում են հասնել մտահոգիչ լուրեր՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։
Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։
«Բռնության և ավերածությունների դրվագների, ինչպես նաև ատելության ու վախի տարածված մթնոլորտի հետ մեկտեղ աճում է նաև մտահոգությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել, և տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ Լիբանանը, կարող են կրկին ընկնել անկայունության մեջ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը: