«Ռուսաստանը չի կարող դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմը, բայց պետք է քայլեր ձեռնարկի իր շահերը, այդ թվում՝ տնտեսական շահերն ապահովելու նպատակով», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մենք պետք է անենք այն, ինչ համապատասխանում է մեր շահերին։ Հարկավոր է մեր տնտեսության համար նվազագույնի հասցնել այն գլոբալ ցնցումների հետևանքները, որոնք արդեն սկիզբ են առել։ Մենք պետք է օգուտ քաղենք այնտեղ, որտեղ հնարավոր է, որքան էլ դա ցինիկ չհնչի», - հայտարարել է Պեսկովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Նիստի ընթացքում անդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցերի։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
«Անկարան դատապարտում է Ադրբեջանի Նախիջևանի տարածաշրջանին հասցված հարվածը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը՝ կոչ անելով՝ «դադարեցնել երրորդ երկրներին հասցվող հարվածները»։
«Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում դադարեցնել տարածաշրջանում գտնվող երրորդ երկրները թիրախավորող հարվածները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանը», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Իրանը թող չմոռանա, թե ինչպես մենք վերջ տվեցինք հայկական օկուպացիային», - այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մեր հզորությունը ցուցադրել ցանկացած չարագործ ուժի, այնպես, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային», - հայտարարել է Ալիևը՝ մեկնաբանելով Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածը։
«Այն պատվազուրկ մարդիկ, որոնք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունը, զղջալու են։ Նրանք չպետք է խաղան մեր համբերության հետ։ Ով ուզում է անել դա՝ կկործանվի «Երկաթե բռունցքի» կողմից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացիոն թիվ մեկ վիճակի են բերվել», - այսօր Բաքվում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ ուժերը «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։
Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ։
«Դա արվում էր այն պատճառով, որ նրանք շատ լավ գիտեն՝ անկախ ադրբեջանական պետությունն այսօր հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Թուրքիայի ուղղությամբ նախօրեին իրանական բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը չի ակտիվացվի», - այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ թեև միջադեպը «լուրջ բնույթ էր կրում, սակայն ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքման մեխանիզմը գործի դնելու կարիք չկա»։
«Որևէ մեկը չի խոսում 5-րդ հոդվածի ակտիվացման մասին։ Ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեկ տեսան, որ ՆԱՏՕ-ն շատ ուժեղ է և աչալուրջ», - նշել է Ռյուտեն։
«Իրանի զինված ուժերը հերքում են, թե Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին վկայակոչելով։
Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածին Իրանի առնչությունը կասկածի տակ է դրել նաև իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Մենք չենք թիրախավորում մեր հարևան պետությունները։ Նախիջևանին հարվածի մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում և պետք է հետաքննեմ, թե որն է այս տեղեկատվություն աղբյուրը», - ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Իրանցի պաշտոնյան, սակայն, նշել է, որ հարևան երկրների տարածքը թիրախավորվում է միայն այն դեպքում, երբ «թշնամական պետությունների՝ այդ տարածքներում գտնվող ռազմաբազաները ակտիվ են և օգտագործվում են Իրանի անմեղ բնակիչների դեմ հարվածների նպատակով»։