Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Նախիջևանի տարածքին հասցված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք անպատասխան չեն մնա։
Թեհրանը հերքում է հարվածների մասին հաղորդումները:
Անկարայում հայտարարում են, որ «ուշի ուշով հետևում են իրանցի քրդերի գործողություններին», հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ այսօր տարածած հայտարարությունը։
«Մի շարք խմբերի, այդ թվում՝ ահաբեկչական PJAK կազմակերպության գործողությունները, որոնք նպաստում են էթնիկ անջատողականության աճին, բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև ողջ տարածաշրջանի կայունության վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Տեսանյութում Նախիջևանն է
Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել, հայտնել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդումները Իրանի տարածքից Նախիջևանին հարված հասցնելու մասին: Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է բախվել այդ տարածքում։
Աղբյուրի կողմից տրամադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։
Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդումները:
Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավի հարվածից ողջ մնացած 32 փրկված իրանցի նավաստիներ բուժվում են Շրի Լանկայի հիվանդանոցում, հայտարարել են իշխանությունները:
Գալլե նավահանգստային քաղաքի հիվանդանոցի պաշտոնյաները հայտնել են, որ ողջ մնացածները բուժվում են թեթև վնասվածքների պատճառով և կարող են դուրս գրվել օրվա ընթացքում։
Շրի Լանկայի պաշտոնյաները հավելել են, որ մարտի 4-ին «Իրիս Դենա»-ից ստացված աղետի ազդանշանին արձագանքած ռազմական փրկարարները հայտնաբերել են 87 մարմին, մոտ 60 նավաստի անհետ կորած է համարվում, և որոնումները շարունակվում են։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ Շրի Լանկայի ափերի մոտ։
Հարձակումը, որը տեղի է ունեցել Պարսից ծոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա, զգալիորեն ընդլայնել է պատերազմի աշխարհագրական շրջանակը։
Իրանում՝ մայրաքաղաք Թեհրանում և Քարաջում պայթյունների ձայներ են լսվում, հաղորդում է տեղական մեդիան:
Իրանի զինված ուժերը, շեշտելով, որ հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը, հերքում են, որ որևէ հրթիռ են արձակել նրա տարածքի ուղղությամբ: Այս մասին ասվում է պետական ԶԼՄ-ների կողմից հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը Սիրիայի և Իրաքի օդային տարածքով անցնելուց հետո ոչնչացվել Է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի վրա:
Իրանի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ՝ երկրում տուժածների թիվը գերազանցել է 6 հազարը, հարձակման է ենթարկվել 172 քաղաք: