Մատչելիության հղումներ

Ազատի զինվորական կացարանի հրդեհ. փաստաբան Նորիկյանը պնդում է՝ Եղիշե Հակոբյանը նոր տեղեկություններ է փոխանցել իրեն

Լրացված

15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհից ուղիղ 3 տարի անց չկա ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞րն էր հրդեհի իրական պատճառը։ Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը շարունակում է պնդել՝ իրարամերժ ցուցմունքները, թերի նախաքննությունը ավելի շատ հարցեր են առաջ բերել:

«Համոզմունք է ձևավորվել, որ ամեն ինչ արվեց հանցագործությունը չբացահայտելու համար, մեղավոր անձանց շրջանակը պարզելու», - ասաց Նորիկյանը:

Երեք տարի ձգվող դատավարությունն ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե կապիտան Եղիշե Հակոբյանը փորձել է բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։

Նորիկյանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց. գլխավոր մեղադրյալի նախաձեռնությամբ առանձին զրույց են ունեցել, որի ընթացքում կապիտան Հակոբյանն այնպիսի բաներ է պատմել, գրառումներ արել, որոնց արդյունքում գործում կարող են նոր մեղադրյալներ ներգրավել, մասնավորապես՝ ի՞նչ է տեղի ունեցել դեպքին նախորդող օրերին և ո՞ւմ անուններն են շրջանառվել։

«Գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի անունը, որ Ազգային ժողովի պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել նախորդող ժամանակահատվածում, այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին: Երկրորդը՝ ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների ներկայացուցիչների անուններից, անունից այդ տարածք ներկայանալու կամ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին», - ներկայացրեց Նորիկյանը:

Գուցե վախեցրել են, գուցե սպառնացել, փաստաբան Նորիկյանը չգիտի՝ ինչո՞ւ մինչև օրս Եղիշե Հակոբյանը չի բարձրաձայնել այս ամենը, չի բացառում, որ քննության փուլերից մեկում ինքն այս մասին կխոսի։

Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց՝ հանդիպում եղել է, զրույց նույնպես, բայց անունների մասով վստահ չէր. «Եղիշե Հակոբյանը որևէ կերպ, որևէ անուն արտառոց չկա, որ հայտնած լինի, ես չեմ հիշում նման բան, բացի դրանից Եղիշե Հակոբյանը մի քանի անգամ արդեն ցուցմունք տվել է, հետևաբար ցուցմունք տալու ինչ-որ բան չկա: Եթե հարցադրումներ ունեն, Եղիշե Հակոբյանը հայտնել է՝ «ես պատրաստ եմ ցուցմունքներ տալու»:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ զինվորների մահվան պատճառը հրդեհից գոյացած շմոլ գազն ու այրվածքային շոկն են։ Մինչդեռ դեպքի վայրը զննած փորձագետը շաբաթներ առաջ դատարանում այս վարկածը հերքող պնդում էր արել՝ ասելով, թե փայտե վառարանից շմոլ գազ չի առաջանում։ Այս հարցին էլ, ըստ Նորիկյանի, դեռ տրամաբանական բացատրություն չի ստացել։

«Եթե պետք է սլաքավորները պատասխան տան, իսկ իրական մեղավորները, կոպիտ ասա, շնաձկները պլստան քրեական պատասխանատվությունից, դա առաջին հերթին մեծագույն անարգանք է լինելու զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ: Առաջ քաշած վարկածով հիմնավորվում է, որ բանակում տիրել է բարդակ վիճակ, անպատասխանատու վիճակ, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է», - ասաց փաստաբանը:

2023-ի հունվարի 19-ի ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց պաշտոնական վարկածը... որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Այս հայտարարությունը ծնողներից շատերն ուղղորդում են համարում ոչ միայն նախաքննությանը, այլև դատավորին:

Փաստաբան Նորիկյանն այսօր հայտնեց, որ միջնորդություն են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցաքննելու համար։

«Ազատության» դիտարկմանը արդյոք՝ այս միջնորդույթունը և մեղադրյալ Հակոբյանի մասնավոր զրույցում հնչեցրած անունները կապ ունե՞ն միմյանց հետ, Նորիկյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Ես չեմ կարող հիմա բացահայտել, թե ինչ հարցեր պետք է ներկայացնեմ Փաշինյանին կամ Սուրեն Պապիկյանին: Կապը չեմ կարող ասել չեմ բացառում, չեմ էլ հաստատում»:

Գործի շրջանակներում մշտապես շոշափվել է դիվերսիայի՝ պաշտոնապես չհաստատված վարկածը։ Նորիկյանն այսօր հիշեցրեց, որ հատուկ գրություն էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով տեղեկացնել՝ ուսումնասիրել են, թե արդյոք Եղիշե Հակոբյանը կարո՞ղ էր այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տիրույթում հայտնվել, թե՞ ոչ։ Զարգացումների մասին չտեղեկացրեց։ Եղիշե Հակոբյանից բացի ևս չորս մեղադրյալ կա, նրանք ավելի բարձր զինվորական պաշտոններ ունեն:

Անպատասխան հարցերը շատ են... ու այս տարիների ընթացքում այդպես էլ պաշտոնական բացատրություն չտրվեց գոնե տեխնիկական հարցերին, վրդովված էին զոհված զինվորների ծնողները։ Շատերը խոսելու սիրտ այսօր չունեին, ամեն ինչ ասված է, բայց լսող չկա։

Զոհվածներից Հայկ Կարապետյանի հայրը՝ Գաբրիելը հռետորական հարցեր ուներ՝ Սուրեն Պապիկյանին. «Քո գերատեսչությունում նման բան է տեղի ունեցել ու դու էսօր կանգնում ասում ես՝ «ես իմ խղճի առաջ մաքուր եմ», ինչո՞վ ես խղճիդ առաջ մաքուր, էդ էրեխեքի համար ի՞նչ էիր արել, ի՞նչ պայմաններ էիր ստեղծել, որտե՞ղ էիր պահում, ի՞նչ իրավունք ունեիր այդտեղ պահեիր, անվտանգությո՞ւնն ես ապահովել, ինչո՞վ ես անվտանգությունն ապահովել, էդ էրեխեքի գոնե կյանքը, որ կարողանայիք խնայեիք... Դեպքից անմիջապես հետո առնվազն, եթե ոչ դատվել, գոնե պետք ա այդ պաշտոնից հեռանայիր, ինչո՞ւ չես հեռացել»:

15 զինծառայողի մահվան գործով դատավարությունը կշարունակվի հունվարի 23-ին՝ հետազոտվելու են իրեղեն ապացույցները՝ այրված ինքնաձիգերը, վառարանը...



XS
SM
MD
LG