Գործարար Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը:
Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ:
Դատախազությունը, սակայն, բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է:
Այս պահին դատարանը քննում է այսօր դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը երկու ամիս առաջ լրագրողների հետ զրույցում պնդել էր՝ մեղադրանքը հիմնավոր է:
Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նա առաջնորդում է «Մեր ձևով» շարժումը, որն առաջիկայում կուսակցություն է դառնալու: Նա, սակայն, վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի: