Մատչելիության հղումներ

«Փաշինյանի կոչին հետևելն ու կրոնական ծեսը խոչընդոտելը քրեական հանցանք է». սահմանադրագետ


Եկեղեցու, այսպես կոչված, նորոգման հայտարարությունը, որ ստորագրել է վարչապետը, Մայր Աթոռում որևէ բան փոխելու իրավական ուժ չունի, առոչինչ է, պնդում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, բայց, ըստ նրա, դա Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ ապացույցներից մեկն է:

«Փաշինյանի կողմից եկեղեցին բարենորոգելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպտագույն խախտում է», - ասաց Պողոսյանը:

Հայաստանի մայր օրենքի համահեղինակը Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի հոդվածներով է հիմնավորում՝ Փաշինյանը Մայր Աթոռի դեմ պայքարին լծվելով՝ ոտնահարում է Հայաստանի օրենքները, տապալում սահմանադրական կարգը:

«ՀՀ Սահմանադրությունը շատ հստակ ամրագրել է իր 17-րդ և 18-րդ հոդվածներում, որ եկեղեցին անջատ է պետությունից և որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում», - նշեց Վարդան Պողոսյանը:

Այդ նույն Սահմանադրության 41-րդ հոդվածով է ամրագրված խղճի ու դավանանքի ազատության մասին: Բոլոր կրոնական կազմակերպություններն ունեն ինքնավարության իրավունք: Այստեղ Հայաստանի ղեկավարի լիազորությունների ու միջամտության իրավունքի մասին ամրագրված ոչինչ չկա, շեշտում է սահմանադրագետը:

«Միայն այս դրույթների համադրությունը հստակ ցույց է տալիս, որ պետությունը տվյալ պարագայում ի դեմս Նիկոլ Փաշինյանի որպես ՀՀ վարչապետի միջամտում է կրոնական կազմակերպության գործերին», - ընդգծեց Պողոսյանը:

Բացի մայր օրենքի դրույթներից, ըստ սահմանադրագետի, Փաշինյանը խախտել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ 209-րդը, որ եկեղեցու գործունեությունն է խոչընդոտում, 441-րդը, որ պաշտոնական լիազորություններն է անցնում, չարաշահում, նաև 420-րդը, որ ամենածանրն է՝ սահմանադրական կարգի տապալում:

«Որտե՞ղ է գրված, այնտեղ, որտեղ գրված է վարչապետի լիազորությունների մասին, օրինակ, վարչապետը լիազորություն ունի՞ բրիֆինգ անելու», - թե որո՞նք են իր լիազորությունները, վարչապետը երեկ ճշտում էր լրագրողներից ու նաև հետաքրքրվում՝ արդյոք իր ճեպազրույցներն էլ են օրենքով սահմանված այդ լիազորություններից: Այո, տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունն էլ է օրենքով սահմանված, պարզաբանում էին լրագրողները: Նիկոլ Փաշինյանը իր լիազորությունների վերաբերյալ հարցին պատրաստ չէր:

«Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ պատարագի են մասնակցում ու հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն հենց այդ պահին իրենց բողոքն արտահայտել, արդյոք նման բան կարելի՞ է ու թույլատրելի՞ է: Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է ու թույլատրելի է», - ասել էր վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միայն իր լիազորությունները անցնելով ու օրենքները խախտելով չէ, որ զբաղված է, այս կոչը այն մասին է, որ շարքային քաղաքացիներին էլ է փորձում մղել հանցանքի: Թե ինչ հետևանք կարող է ունենալ Փաշինյանի հորդորին, կոչին հետևելը, պարզ նկարագրված է Քրեական օրենսգրքի 209 հոդվածում, ասում է Վարդան Պողոսյանը: Բոլորն են պատժվելու, եթե Փաշինյանը մի օր զրկվի իշխանությունից:

«Ձեր կողմից մատնանշված կոչը սովորական քաղաքացիներին քրեորեն պատժելի արար է՝ և՛ Փաշինյանի կողմից, և՛ այն քաղաքացիների կողմից, որոնք անսալով իրենց վարչապետին, կգնան եկեղեցի ու համապատասխան կրոնական ծեսի կատարումը կխոչընդոտեն», - ասաց սահմանադրագետը:

Մասնագետների ահազանգից հետո էլ, որ պետության մայր օրենքը ոտնահարվում է, Փաշինյանը կանգ չի առնում, բայց կարծես հռետորաբանությունն է փոխել: Եթե, երկու շաբաթ առաջ ուղիղ ասում էր՝ պատարագի ժամանակ կարող են բողոքել, այսօր արդեն հորդորում է հարցը, ինչպես ինքն է ձևակերպել՝ քրիստոնեաբար լուծել:

«Մի շարք համայնքների քաղաքացիները հարցնում են՝ «ինչո՞ւ մեր համայնքում չեք գալիս պատարագի», ես կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ՝ նախապես քննարկել քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք Սուրբ և անմահ պատարագի ընթացքում չեն հիշատակելու Կտրիճ Ներսիսյանի անունը», - այսօր հայտարարել է Փաշինյանը:

«Պարզապես փորձում է մեղմել իր ասածը, բայց Քրեական օրենսգիրքը չի նախատեսում որևէ մեղմացուցիչ հանգամանք: Դուք կարող եք ձեր համոզմունքներից ելնելով խոչընդոտել կրոնական ծեսի կատարումը ու մտածել, որ դուք բարոյական առումով, կրոնական առումով ճիշտ եք, բայց դրանից ձեր կատարած արարքի քրեական բաղադրիչը չի փոխվում, եթե իսկապես Փաշինյանը չեղավ իշխանության ու եթե ապագա քաղաքական իշխանությունները կունենան բավարար քաղաքական կամք, իրենք բոլոր իրավական հնարավորությունները ունեն քրեական պատասխանատվության ենթարկելու Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ոչ պաշտոնատար անձանց, իրենց մի կողմ ենք դնում, բոլոր այն քաղաքացիներին, որոնք խոչընդոտել են կրոնական ծեսի կատարմանը», - ընդգծեց սահմանադրագետը:

Վարչապետի հորդորին թերևս ամենակտիվը հետևում է Թալինի համայնքապետը, նա յուրայինների ու Փաշինյանի հովանու տակ անցած կարգալույծ քահանայի հետ վերջին տասն օրվա ընթացքում երկու կրոնական ծես է խոչընդոտել: Սուրբ ծննդյան պատարագին եկեղեցու մուտքը հսկում էին ոստիկանները ու նաև նրանց ներկայությամբ թույլ չտվեցին, որ հոգևոր հովիվները ներս մտնեն:

Իրավապահ մարմինները մինչ օրս չեն արձագանքել տեսանյութերին, մասնագետների ահազանգերին ու վարչապետի կոչերին: Արդյոք Գլխավոր դատախզությունը վարչապետի ու նրա թիմակիցների քայլերը համարում է օրենքի խախտում ու արդյոք ուսումանսիրում են այդ մասին պատմող հրապարակումները, դատախազությունից մեր այս հարցերին ըստ էության չեն պատասխանել, միայն հայտնել են, որ այս հարցով որեւէ քրեական վարույթ չկա:



XS
SM
MD
LG