«Հուսով ենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցության ձևաչափին», - այսօր հայտարարել է կազմակերպության Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ընդգծելով, որ դրա համար «առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները»։
«Հայաստանը մեր դաշնակիցն էր և շարունակում է այդպիսին մնալ։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շահագրգիռ է Եվրասիայի տարածքում միասնական անվտանգային գոտու ստեղծման հարցում։ Ավելին, նոյեմբեր ամսին Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դրված չէ», - TACC-ի փոխանցմամբ՝ ասել է Տասմագամբետովը։
Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին: