Ադրբեջանն այսօր սկսում է նավթամթերքի արտահանումը Հայաստան, հայտնում է ադրբեջանական APA-ն:
APA գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր Հայաստան կուղարկվի 22 վագոն բենզին, որը արտադրվել է SOCAR ընկերության կողմից: Ըստ լրատվամիջոցի, բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներին համապատասխան գներով:
Թե հայկական որ ընկերություններն են գնել ադրբեջանական բենզինը, դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ «Ազատության» հարցերին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել և ի՞նչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին և արդյոք այն մրցունակ կլինի՞ Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել էր. «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»: