Մատչելիության հղումներ

Բախումներ Երևանի կենտրոնում՝ «Նոա»-«Լեգիա» հանդիպումից հետո


Հանրապետություն - Թումանյան խաչմերուկում դեռ թարմ են հինգշաբթի լույս ուրբաթի գիշերը ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ անկարգությունների հետքերը, ջարդված դուռ, կոտրված լուսամուտ ու ամբողջ փողոցով մեկ թափված ապակու բեկորներ: Մայրաքաղաքի կենտրոնը բախումների թատերաբեմի էր վերածվել անցած շաբաթ, Հայաստանի չեմպիոն «Նոայի» ու լեհական «Լեգիայի» հանդիպումից հետո: Փողոցներում, սակայն, ոչ թե հայերն ու լեհերն էին հաշիվներ պարզում, այլ, ըստ ականատեսների, ռուսաստանցիներն էին լեհերի վրա հարձակվում:

Անկարգություններից հետո Հայաստանի Քննչական կոմիտեն մի խումբ անձանց կողմից խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հոդվածներով վարույթ է նախաձեռնել: Այն, որ ծեծկռտուքի մեջ Ռուսաստանի քաղաքացիների մատն է խառը, հաստատում է նաև գործով անցնող 16 մարդկանց քաղաքացիությունը, նրանցից 5-ը ռուսներ են. կալանավորվածներ այս պահին չկան, 7 մարդու նկատմամբ խափանման միջոց բացակայելու արգելքն է կիրառվել, 9-ը հետախուզվում են:

Հայկական ակումբի հաղթանակով ավարտված խաղից կարճ ժամանակ անց սոցցանցերը հեղեղվեցին լուրերով, թե իբր լեհ երկրպագուները անկարգություններ են արել, կոտրել, ջարդել ու փշրել են, որոշ ժամանակ անց, սակայն, և՛ հայերը, և՛ լեհերը վստահեցրին, իրենց միջև ոչ մի միջադեպ չի եղել:

Ականատեսների խոսքով՝ Երևանի փողոցներում լեհերին հետապնդել ու նրանց վրա հարձակվել է ռուսների մի խումբ: Ականատեսները լեհական լրատվամիջոցին պատմել են, թե մի քանի տասնյակ հարձակվողները Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գույներով են եղել, մահակներ ու դանակներ են ունեցել, իսկ իրենք պարզապես պաշտպանվել են: Legia.net կայքի խմբագիր Մարչին Շիմչիկը պատմել է, թե ռուսները տարբեր խմբերով խաղից հետո լեհերի էին փնտրում:

«Ռուսաստանցիների գործողությունները նախապես ծրագրված էին թվում: Հարձակվողները մի քանի տասնյակ էին, իսկ Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև հեռավորությունը մոտ 3000 կիլոմետր է, այսինքն նրանց հայտնվելը պատահական չէր կարող լինել», - ներկայացրել է Մարչին Շիմչիկը:

Տարածված թերևս միակ տեսանյութի մեջ, որը հենց հարձակվողներն են նկարահանել, ռուսերեն հայհոյանքներ են հնչում ու կոտրվող ապակու ձայներ:

Պաշտոնական Վարշավան տեղեկացրել է, թե գործով Լեհաստանի հյուպատոսն է զբաղվում, արտգործնախարարության խոսնակն այլ մանրամասներ չի հայտնել, միայն հավելել է, թե հայերը բարի կամք են դրսևորել և օգնել են իրենց:

Ծեծկռտուքից հետո հայկական տարբեր լրատվամիջոցներ, սակայն, միայն լեհերի մասնակցության մասին են գրել՝ պնդելով, թե նրանք խուլիգանություն են արել: Կիրակի Վարշավայում Լեգիայի տնային հանդիպմանը ներկաները կարող էին համոզվել՝ հայերի ու լեհերի միջև խնդիր չի եղել, «Լեգիայի» երկրպագուները մեծ պաստառ էին պարզել՝ շնորհակալություն հայտնելով հայ երկրպագուներին:

Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից հետո ոչ ռուսական ակումբները, ոչ էլ ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ միջազգային մրցաշարերին չեն մասնակցում:

Տեղի ունեցածը ֆուտբոլային փոդքաստում շատ պատկերավոր ներկայացրել է սպորտային լրագրող Ռոբերտ Մարկոսյանը.
«Եվրոպական ֆուտբոլին կարոտ մնացած ռուսական «Զենիթի» երկրպագուները իմանալով, որ Հայաստանում «Լեգիան» է խաղալու և այդ վայրագություններին կարոտ մնալով, եկել էին Հայաստան և գիշերը մթության քողի ներքո հարձակվել են «Լեգիայի» երկրպագուների վրա՝ մոտ 100 հոգով 40 հոգանոց խմբի վրա, ինչի արդյունքում որոշները ստացել են վնասվածքներ, որոշները հայտնվել են ոստիկանության բաժանմունքում»:

Ռուս ու լեհ երկրպագուների միջև բախումները նորություն չեն, երկու կողմն էլ այսպես կոչված «ֆուտբոլային խուլիգաններ» ունի, որոնք հաճախ կռիվների մեջ են ընկնում, 2012-ին Եվրոպայի առաջնության Լեհաստան-Ռուսաստան հանդիպումը զանգվածային բախումներով էր ուղեկցվել, ավելի քան 100 մարդ էր ձերբակալվել:

Լարված հարաբերությունների պատճառը պատմության էջերում պետք է փնտրել, ցարական Ռուսաստանը իր տիրապետության տակ էր պահում Լեհաստանի մեծ մասը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը Խորհրդային Միության ազդեցության գոտում էր: Շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն իրենց մաշկի վրա նաև լեհերն են զգում, ամիսներ առաջ ռուսական ռազմական ԱԹՍ-երը խախտեցին Լեհաստանի օդային սահմանը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG