Մատչելիության հղումներ

«Սարխանի» լրտեսության գործի մանրամասները. «Սալամ, Թուրալ»


Սարգիս Գալստյանը և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը, արխիվ
Սարգիս Գալստյանը և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը, արխիվ

Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում: Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս և նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր:

Նախ առաջին ատյանի, ապա Վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը, 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով, տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին:

Դատական գործի նյութերի համաձայն, Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն: Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական «Սարխան» ծածկանունը:

Ավելի քան մեկ տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-2023 թվականների ընթացքում, հավաքել և WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել «Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաև թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում»:

Գալստյանը, ըստ գործի նյութերի, նաև մանրամասներ է փոխանցել ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին, 2023 սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության և նման բնույթի այլ տեղեկություններ: Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ՝ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում:

Ինչո՞ւ «Սարխանը» որոշեց մնալ հայաթափված Արցախում

Եվ այսպես, ինչո՞ւ Գալստյանը որոշեց մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղում: Այս քայլը 2023-ի սեպտեմբերին զարմացրել էր շատերին, քանի որ այդ օրերին տեղի բնակչությունը կյանքի գնով էր վառելիք հայթայթում՝ փորձելով օր առաջ լքել հայրենիքը՝ խուսափելով ադրբեջանական զինուժի հնարավոր վայրագություններից:

Ըստ քննիչների՝ 2023-ի սեպտեմբերին հայաթափումից հետո՝ Սարգիս Գալստյանն իրեն իսկ հավաքագրած օտարերկրյա հետախուզության աշխատակցի կողմից Ստեփանակերտում պաշտոնի առաջարկ է ստացել: Հենց պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ էլ կնոջ՝ Մարգարիտա Շահնազարյանի հետ մնացել է Ստեփանակերտում:

Մինչդեռ Գալստյանը Ստեփանակերտում մնալու իր որոշումը դատավարության ընթացքում բացատրել է հայրենասիրական մղումներով: Դատավարության ընթացքում պատասխանելով հանրային մեղադրողի այն հարցին, թե «ինչպե՞ս է ստացվել, որ Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գիտակցելով այնտեղ մնալու վտանգը դուրս են եկել, իսկ ինքը մնացել է այնտեղ, հույս ունենալով, որ հայերը կվերադառնան», Սարգիս Գալստյանը պատասխանել է՝ թե «մեկուկես միլիոն հայ է ցեղասպանվել, սակայն միայն Կոմիտասն է խելագարվել» և «եթե Արցախից դուրս գար, ապա կմեռներ»։

Դատավարության ընթացքում հանրային մեղադրողը նաև հարցել է, թե «ինչո՞ւ 18 տարեկան հայ զինվորներին գերեվարելուց հետո ադրբեջանցիները նրանց նկատմամբ բռնություն էին գործադրում, մինչդեռ ինքն ու կինը անվնաս վերադարձել են Հայաստան»:

Նա պատասխանել է, թե «ադրբեջանցիները գազանաբարո գործողություններ չէին կատարում, քանի որ փորձել են իրենց միջոցով իրականացնել քարոզչություն, որպեսզի իրենք ասեին, որ Ադրբեջանը լավն է, բռնի տեղահանում տեղի չի ունեցել և այլն»։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, արխիվ
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, արխիվ

Ի դեպ, Գալստյանը տեղեկացրել է, թե Արցախում մնալու իր ցանկության մասին հայտնել է նաև նախկին նախագահ Բակո Սահակյանին, ով իր որդու կնքահայրն է: Ավելին, հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը Գալստյանին առաջարկել է մնալ իր առանձնատանը, քանի որ այնտեղ եղել են անհրաժեշտ հարմարություններ: Արցախի հայաթափումից հետո, շուրջ կես տարի, մինչև Հայաստան արտաքսվելը, Սարգիս Գալստյանը կնոջ հետ բնակվել է գերեվարված և այժմ Բաքվի բանտում գտնվող Բակո Սահակյանի տանը:

Այդ ընթացքում ունեցել են բոլոր հարմարությունները՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, բայց ոչ ինտերնետային կապ, անհրաժեշտության դեպքում օգտվել են ԿԽՄԿ-ի կամ էլ հիվանդանոցի համացանցից:

Գալստյանը կնոջ հետ Հայաստան է արտաքսվել 2024-ի մարտի 29 -ին: Ինչպես նա է պնդել՝ մարտի 4-ին Ստեփանակերտում տնային կալանքի տակ են եղել և սպասել Ադրբեջանի իշխանությունների որոշմանը՝ կա՛մ պետք է Երևան գային, կա՛մ՝ Բաքու: Ի վերջո նրանց Հայաստան են արտաքսել: Պատճառներն, ըստ Գալստյանի, իրեն հասկանալի չեն եղել:

Ինչո՞ւ է Սարգիս Գալստյանը կապ հաստատել ադրբեջանցի պատգամավոր հետ

Սարգիս Գալստյանը նախաքննության ընթացքում խոստովանել է, որ կապ է հաստատել Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ՝ SMS գրելով նրա հեռախոսահամարին՝ «Salam Tural, esli budet udobno perezvoni», «բարև, Թուրալ, եթե հարմար լինի, ետ զանգիր»:

Թուրալ Գյանջալիևն, ի դեպ, մինչև պատգամավոր ընտվելը, 2020 -ին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարն էր և հայերենով խաղաղության մեսիջներ էր հղում արցախցիներին. «Ես Շուշայում եմ մեծացել: Լավ եմ հիշում՝ իմ մանկության տարիներին մեր թաղամասում ադրբեջանցի և հայ երեխաները միասին էին խաղում»:

Թուրալին ուղարկած SMS -ին, ըստ գործի նյութերի, պատասխանել է Սամիրը, ով ներկայացել է, որպես պատգամավորի օգնական, բայց հետագայում հայտնել է, որ իրականում իր անունը Ռեշադ է և ինքը հատուկ ծառայությունների աշխատակից է:

Հենց նրան էլ Գալստյանն, ըստ իր ցուցմունքների, փոխանցել է տեղեկատվությունը։ Գալստյանը Սամիրին է ուղարկել նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի լուսանկարները, որը նույնպես հրետակոծվել էր ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ: Սարգիս Գալստյանը, սակայն, հետագայում հրաժարվել է այս ցուցմունքից, պնդելով, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել: Սակայն դատարանը արժանահավատ է համարել ձերբակալման ժամանակ տրված նրա ցուցմունքները:

Ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը Սարգիս Գալստյանին հայթափված Արցախում պաշտոն տվեց

Այս խճճված գործին առնչվող գլխավոր հարցերից մեկը նաև այն էր, թե ինչո՞ւ Արցախի հայաթափումից հետո վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը որոշեց վերջին պահին պաշտոն տալ Սարգիս Գալստյանին, նրան սեպտեմբերի 28-ին նշանակելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Եթե Արցախն այլևս չկար, նախագահը նույնպես, ի՞նչ էր անելու նա հայաթափված Ղարաբաղում:

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, արխիվ
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, արխիվ

Դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելով՝ Շահրամանյանը նախ ասել է, թե չի փորձել պարզել՝ ինչո՞ւ է Գալստյանը ցանկանում մնալ Ստեփանակերտում, ընդամենը նրա որոշումն ընդունել է ի գիտություն:

Ինչ վերաբերում է նրան պաշտոն տալուն, ապա Սամվել Շահրամանյանն ասել է, թե նպատակն այն էր, որ Գալստյանը որպես իշխանության ներկայացուցիչ զբաղվի Արցախում մնացած մոտ երկու տասնյակ բնակչության հումանիտար հարցերով՝ առանց որևէ գործառույթ նրա վրա դնելու: Այդ հրամանագիրը թարգմանվել է ռուսերեն և թողել է Գալստյանի մոտ, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում նա ներկայացներ ադրբեջանական կողմին:

Մինչդեռ Սարգիս Գալստյանը դատարանում ասել է, որ եթե այդ հրամանը չլիներ, ինքը դուրս կգար Արցախից, քանի որ այդ հրամանն իրեն կաշկանդել է: Ընդ որում՝ Գալստյանն ասել է, որ այդ պաշտոնում աշխատել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

Ի դեպ, ինչպես Սարգիս Գալստյանը, Շահրամանյանը նույնպես ԱԱԾ համակարգից էր և շուրջ մեկ տասնամյակ եղել է այդ համակարգի ծառայող, զբաղեցնելով բարձր պաշտոններ: Հենց Շահրամանյանն էր 2020-ի ամռանը, այսինքն մինչև 44-օրյա պատերազմը, ռազմահայրենասիրության նախարար աշխատած տարիներին Սարգիս Գալստյանին առաջարկել է զբաղեցնել իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Սամվել Շահրամանյանը հաստատել է, որ Սարգիս Գալստյանի հետ ունեցել է նաև ընկերական հարաբերություններ:

Ավելին՝ Արցախի հայաթափումից՝ ուղղաթիռով Հայաստան վերադառնալուց հետո, Շահրամանյանը WhatsApp-ով շփվել է Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի հետ, ինչպես ինքն է պնդել՝ կենցաղային հարցերի շուրջ:

«Հայաստանի դատարանը իրավունք չուներ քննել Գալստյանի գործը». պաշտպանը դիմել է եվրոպական դատարան

Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը մինչդեռ «Ազատությանը» փոխանեց, որ գործում ընդհանրապես լրտեսության փաստը հիմնավորող ապացույցներ չկան, ադրբեջանցի պատգամավորի հետ էլ Գալստյանը կապվել է միմիայն Շուշիից գորգեր վերադարձնելու նպատակով:

Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, արխիվ
Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, արխիվ

«Հիմա եթե ես տամ վարույթի նյութերը, դուք չեք կարողանա այնտեղ գտնել WhatsApp հաղորդագրությունը, որ այ տեսեք, ձեզ էս -էս տեղեկություններ են ուղարկում», - ասաց Կոչուբաևը:

Սարգիս Գալստյանի փաստաբանն արդեն բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այն հիմքով, որ Հայաստանի դատարանը չէր կարող քննել Սարգիս Գալստյանի գործը, քանի որ Հայաստանի իշխանության հայտարարության համաձայն՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG