Մատչելիության հղումներ

«ՀՀ նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ». Գևորգ Պապոյան


«Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությանը, որ Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել՝ ընտրություններին ընդառաջ:

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնեն և տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա, կամ որոշակի երկրներից, որոնք թիրախային չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինեն ժողովրդավարական ընտրություններ և ժողովրդի կողմից ընտրված իշխանություն», - ասաց Պապոյանը, հավելելով, - «բնականաբար, երկրների սուվերեն իրավունքն է պաշտպանել այդ պետությունների և ժողովուրդների շահը, և ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որ մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը և մեր պետությունը պաշտպանենք»։

Հարցին՝ Ռուսաստա՞նն է Հայաստանում հիբրիդային պատերազմ տանում, թե՞ Եվրամիությունը, Պապոյանը պատասխանեց. «Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի։ Ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ՝ կլինի նախկին պաշտոնյա, այլ երկրի օլիգարխ, եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշառքի, կեղծ լուրեր տարածելու տարբեր տեսակի, ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարցակումերով, ես կարծում եմ, որ դա ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ պարտավորությունն է պաշտպանել իրեն։ Ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա, այո, փող, անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ և անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ և հատուկ»։

«Ազատության» հարցին՝ այդ պայքարում Հայաստանն ունի՞ ԵՄ աջակցութան կարիքը, Պապոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ԵՄ երկրներում ժողովրդավարության փորձը և պատմությունը և տարբեր տեսակի հիբրիդային արձակումներից պաշտպանվելու իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել։ Իսկ ո՞վ է ասել, որ եվրոպական երկրներում մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար, ու բոլորով դարձել են ժողովրդավար։ Բնականաբար, այդ երկրներում այսօր էլ կան ուժեր, որոնք ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG