2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այս հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Բրյուսելում կայանալիք նախաճաշի ընթացքում։
«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալասը։