Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքին, ասաց, որ հարցն այս պահին Քննչական կոմիտեի տիրույթում է՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
«Այն, ինչ հայտարարվել է, ավելին ասել չեմ կարող, որովհետև հիմա հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է, նոր բան, նախաքննության շահերից ելնելով, ասել չեմ կարող», - լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը:
«Ազատության» հարցին՝ կա՞ն մեղադրյալներ, պաշտպանության նախարարը պատասխանեց՝ «ես չեմ կարող դրա մասին խոսել, կարծում եմ, դա այն հարցն է, որ անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»:
Անդրադառնալով այս պահին սահմանային իրադրության վերաբերյալ հարցին, Պապիկյանն ասաց, որ հիմա իրավիճակը սահմանին շատ հանգիստ է. «Պատրաստվում ենք Ամանորին: Այո, տոնական օրերին, բնականաբար, ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այլ մտահոգություն ունի այսօր զինված ուժերը, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»:
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ին հայտնեց, թե ժամը 16-ի սահմաններում զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել, իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին: