Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարում է՝ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, Երևանից ու Բրյուսելից ակնկալում են արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուր չեկած ձևակերպումների հեռացում:
Բաքվի ձևակերպմամբ՝ նախկին հակամարտությունը վերակենդանացնող տարրերը լուրջ կասկածի տակ են դնում Հայաստանի մտադրությունները, չեն արտացոլում ներկայիս իրականությունը:
Հղում են արել նախաստորագրված, բայց դեռևս չստորագրված ու ուժի մեջ չմտած խաղաղության համաձայնագրի դրույթներին, բայց ոչ մի խոսք այն մեկի մասին, որ կողմերը պիտի ձեռնպահ մնան «միմյանց ներքին գործերին միջամտելուց»։
Երևանը դեռ չի արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությանը: Իսկ Բաքուն զգուշացնում է, թե ուշադիր հետևելու է զարգացումներին ու իր եզրակացություններն է անելու:
Բաքուն դժգոհում է այդ թվում՝ փաստաթղթում Ղարաբաղի փախստական հայերի տեղահանություն ձևակերպումից, հայ գերիների մասին հիշատակման, եվրոպացի դիտորդների առաքելությունը շարունակելու հեռանկարից:
Ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում են համարել փաստաթղթի նախաբանում և մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակում իրականացրած Բաքուն պնդում է՝ նրանք «կամավոր են տեղափոխվել Հայաստան՝ Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո»:
«Այս հարցի ընդգրկումը ԵՄ և Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է», - նշված է հայտարարությունում:
Եվս մի հարց, որ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթից դուրս է, բայց Բաքուն ուզում է, որ այն Հայաստանը նաև միջազգային գործընկերների հետ օրակարգում չշոշափի, խոսքը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին է. «Մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող և դատապարտված հայազգի անձանց որպես «ռազմագերիներ» անվանելը և նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը իրականության լուրջ աղավաղում է և անընդունելի է», - հայտարարում է առանց միջազգային դիտորդների, փակ դռների ետևում հայերին դատող Ադրբեջանը:
Ի դեպ, Հայաստան-ԵՄ փաստաթղթում չկա ռազմագերի ձևակերպում. խոսվում է վստահության ամրապնդման միջոցների շարքում հայ բանտարկյալների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման ջանքերը շարունակելու մասին:
Բաքուն նաև պնդում է՝ փոխադարձ դատական հայցերի թեման «բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում, վստահ են՝ Հայաստանի ու Եվրամիության ստորագրած փաստաթղթում «Միջազգային դատարանի վճիռների լիարժեք ու անհապաղ կատարման մասին» հիշատակումն անկասկած «Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է»:
Բաքվի հաջորդ մտահոգության թեման հայ - ադրբեջանական սահմանին դիտորդություն անող եվրոպացի անզեն դիտորդներն են: Իսկ ռազմական և պաշտպանական թեմաների շեշտադրումը, հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը, նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային:
«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է կողմերի պարտավորությունը՝ որևէ երրորդ կողմի ուժեր ընդհանուր սահմանին չտեղակայել, առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանի դեմ՝ որպես քարոզչության գործիք օգտագործվող ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման փոխարեն, Երևանն ու Բրյուսելն այդ առաքելության պահպանումը և դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում», - ասված է հայտարարությունում:
Ադրբեջանցիները դժգոհ են, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, փոխարենը, ինչպես ձևակերպել են՝ «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Նման իրավիճակը հարցեր է առաջացնում TRIPP նախագիծը կյանքի կոչելու Հայաստանի լրջության շուրջ», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Թրամփի ուղու» հարցով աշխատանքային խմբերը մինչև տարեվերջ կանցկացնեն առաջին նիստերը. ԱՄՆ դեսպան
Մինչ Բաքուն դժգոհում է մի փաստաթղթում «Թրամփի ուղու» հիշատակման բացակայությունից, Երևանում արդեն Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի իրականացման գործնական քայլերից են խոսում:
Նախօրեին ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ TRIPP-ի պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու համար հայ-ամերիկյան առանձին կառույց կձևավորվի: Քրիստինա Քվինը տեղեկացրել է, որ արդեն իսկ ձևավորված հայկական ու ամերիկյան աշխատանքային խմբերը մինչև տարեվերջ առաջին նիստերը կանցկացնեն:
Պաշտոնապես հաղորդվել էր՝ ամերիկյան կողմից աշխատանքային խումբը գլխավորելու է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը: Վարչապետ Փաշինյանը իր կաբինետի երկու պաշտոնյայի անուն էր վերջերս նշել. «Փոխվարչապետի մակարդակով համակարգում կա և կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով համակարգում: Ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը, որը ոչ միայն դրան է վերաբերում՝ սահմանազատում, ենթակառուցվածքներ և այլն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»:
Միացյալ Նահանգների դեսպանն առանց փակագծեր բացելու միայն տեղեկացրել էր, որ TRIPP-ի շինարարությունը կառավարող հայ-ամերիկյան կառույցի ձևավորման աշխատանքները իրավաբանական գործընթացներին են մոտեցել. «Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի»։
Վարչապետի որոշումից տեղեկացանք, որ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը այս օրերին Լոնդոնում է՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով: Դեսպանը թերևս սրա մասին էր խոսում:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունից չորս ամիս անց դեռևս պարզ չեն «Թրամփի ուղով» ադրբեջանցիների անցման պայմանները, մինչ այդ հայաստանցի պաշտոնյաները Ադրբեջանին փաստաթղթով տրամադրվող անխոչընդոտ կապի վերաբերյալ մտահոգություններ ունեցողներին վստահեցնում են՝ տեխնիկական ինչ լուծումներ էլ ընտրվեն, դրանք պետք է տեղավորվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության սկզբունքների մեջ: