Երևանի Նոր Նորքի փողոցներից մեկում օրերս սպանված Բորիս Արզումանյանի հիշատակին սև ժապավեն է փակցվել։ 31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երկու տղամարդիկ փախուստի են դիմել։
Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն և սպանության փորձ։ Երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։
«Նայեք, տեսեք, սպանություն կա, չէ՞, քանի տարի պետք է տան՝ գան նստեն, բայց այն մահացողի ծնողների վիճակը ո՞նց կլինի», - ասաց Շոպրոնի փողոցի շենքերից մեկի 79-ամյա բնակիչ Գրիգոր Հովհաննիսյանը։ Հենց նրանց շենքի հետնամասում է միջադեպը տեղի ունեցել կեսգիշերին։
Ինքն ասում է՝ ոչինչ չի տեսել, բայց ամեն անգամ ցավ է ապրում նման բոթ լսելիս, նեղվում է, երբ հատկապես երիտասարդները հարցերը լուծում են միմյանց կյանքը խլելու գնով. «Սա գիտե՞ք ինչից է՝ նեղվածությունից, գիտե՞ք ինչ կա, ամեն քայլափոխին խոսակցություն, վեճ, երիտասարդներն էլ չեն դիմանում, բայց ինչ ուզում են անեն, չսպանեն, մեկ էլ, կներեք, չբռնաբարել մարդուն»։
Թե ինչի՞ց է ծագել վեճն ու երիտասարդ տղամարդկանց գիշերով տարել շենքի հետնամաս, իրավապահները չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ վեճին մասնակցել է չորս տղամարդ։
Դեպքի վայր «Ազատության» այցելության պահին շենքի հետնամասում ջարդված ապակիներ էին, ենթադրաբար ավտոմեքենայի։
Մամուլի հրապարակումների համաձայն, Բորիս Արզումանյանը մահացել է վրաերթից, ծեծկռտուքից գետնին է ընկել, մյուս կողմն էլ մեքենան քշել է վրան։
Հենց շենքի հետնամաս նայող առաջին հարկի տների բնակիչներն «Ազատության» հետ զրույցում պնդում էին՝ ոչինչ չեն լսել։ 79-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որ քնած է եղել, նեղսրտում է. «Ասենք կռիվ եք անում, ձեռքով իրար խփեք։ Օրինակ՝ այս շենքում, եթե ես լինեի արթուն, ես կմիջամտեի, կիջնեի, կասեի ինչ մինչ, բայց մենք այս կողմի վրա ենք մնում։ Եթե իմ նման տարիքով մարդը մոտիկանար, կարող է հարգեին ասեին, որ մեծ մարդ է, կհամոզեի ինչ-որ մի բանով, որ սպանություն չլինի, կռիվ չլինի, թեկուզ սովորական կռիվ չլինի»:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այս ամիս խորհրդարանում հայտարարում էր՝ սպանությունները հանցավորության ընդհանուր ծավալում կազմում են ընդամենը 0.2 տոկոսը, և հավելում՝ երկրում շարունակում են գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները։ Վերջին հանրությանը ցնցած սպանությունից կես ամիս էլ չի անցել։ Աբովյան քաղաքում օրը ցերեկով բանուկ հատվածում բազմաթիվ մարդկանց աչքի առջև խոհանոցային դանակով սպանել էին 24-ամյա երիտասարդի։
«Իրավապահները բավարար չափով չեն կանխարգելում հանցագործությունները»
«Շատ պարզ և բազմաշերտ պատճառներ կան, մասնավորապես և՛ սոցիալական լարվածությանը, և՛ բաժանմանը վերաբերող հարցերը, և՛ այս ավարտված-չավարտված պատերազմի բարոյահոգեբանական հետևանքները, որպես նաև պատճառ, պետական ինստիտուտների անարդյունավետությունը, նաև պետական համակարգում համայնքների հետ կանխարգելիչ աշխատանքների ոչ բավարար լինելը», - ասաց Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը մեկ անգամ չէ բարձրաձայնում, որ Հայաստանը գտնվում է սոցիալական ագրեսիվ և քրեական ենթամշակույթի զարգացման շրջանում ու դրա արդարացման փուլում, իսկ իշխանության լռությունն ու իր իսկ կողմից ատելության տարածումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
«Քաղաքական իշխանության պատասխանատվությունը հենց այն է, որ բռնության նկատմամբ ոչ թե տարբեր տիպի սեմինարների և տարբեր տիպի հավաքների ձևով բարձրաձայնի, այլ փորձ անի նաև գնահատական տալ բռնության էսկալացիային և ոչ թե ինքը համամասնակից լինի հասարակության տարբեր շերտերի բաժանման և դրանց իրար դեմ սադրելու հարցում», - նշեց Հովհաննիսյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ իրավապահները բավարար չափով չեն կանխարգելում հանցագործությունները, ինչի հետևանքով հասարակությունը պետական համակարգի հանդեպ չունի բավարար վստահություն ու իր խնդիրները փորձում է լուծել ինքնուրույն, նաև դատաստանի միջոցով։