Վարչապետն Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ մի քանի բարձրաստիճան հոգևորականների վերագրվող հայտարարությանը, որը նրա ճեպազրույցից առաջ շրջանառեցին իշխանամերձ լրատվամիջոցները, իսկ ՔՊ-ականները սկսեցին ակտիվորեն տարածել այն:
Թեև ոչ եպիսկոպոսները, ոչ Մայր Աթոռը դեռևս չեն հաստատել այդ հայտարարության իսկությունը, վարչապետը կասկածի տակ չդրեց այն ու հայտարարեց. - «Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում: Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ»:
Ըստ իշխանական լրատվամիջոցների հրապարակումների, Եպիսկոպոսները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։
«Եպիսկոպոսները դիմել են եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ սրբության սրբոց Մայր Աթոռ Սբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու համար՝ խստագույնս դատապարտելով Կտրիճ Ներսիսյանի թյուր ընթացքը», - նշված է Civic.am-ի հրապարակման մեջ։
Արդյոք այս հայտարարությունն իրակա՞ն է՝ Մայր Աթոռը կամ եպիսկոպոսներից որևէ մեկը դեռ չի արձագանքել: