Մատչելիության հղումներ

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովը հաստատեց զինծառայությունը կրճատելու մասին նախագիծը


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հաստատվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս 24-ամսյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչև 18 ամիս՝ մեկուկես տարի։

Նախագիծը ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը խորհրդարանում հայտնել է, որ Զինված ուժերի նոր համալրման կարգը կմեկնարկի 2026 թ. հունվարի 7-ից։ Նրա խոսքով՝ 18-ամսյա ժամկետով ծառայություն կանցնեն 2025 թվականի ձմեռային զորակոչով պարտադիր զինվորական ծառայության կոչվող քաղաքացիները։ «Կրճատումը չի ազդելու 2026թ․ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա», հայտարարել է ՊՆ նախարարը։

Արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցադրմանը՝ 2022–2025 թթ․ ընթացքում պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի կնքման արդյունքում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրից դուրս, զինվորական ծառայություն իրականացնողների թվի վերաբերյալ, Պապիկյանը նշել է, որ 2025 թվականին այդ թիվը գերազանցում է 1000-ը»։

Պապիկյանի խոսքով՝ սա կարևոր ցուցիչ է, որը վկայում է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում զինվորական ծառայությունն ընդհանուր առմամբ դարձել է ավելի գրավիչ ոչ միայն «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում, այլև այն քաղաքացիների համար, որոնք ժամկետային ծառայությունից հետո տեսնում են իրենց ապագան Զինված ուժերում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց, որպեսզի զինվորական ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը հրատապ կարգով ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG