Իսրայելի զինված ուժերը կիրակի հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային Դահիե թաղամասին, որտեղ գտնվում է «Հեզբոլա»-ի շտաբ-բնակարանը։
Իսրայելի վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ճշգրիտ հարվածի թիրախը եղել է «Հեզբոլա»-ի ղեկավարներից մեկը, ով պատասխանատու է կազմակերպության զինամթերքի ապահովման համար։
Թեև պաշտոնական հաղորդագրությունում անունը չի նշվում, մի շարք աղբյուրներ հայտնում են, որ խոսքը, ըստ ամենայնի, Ալի Թաբաթաբայիի մասին է։ Վերջինս համարվում է «Հեզբոլա»-ի ռազմական թևի երկու բարձրագույն հրամանատարներից մեկը և խմբավորման շտաբի ղեկավարն է։
Լիբանանի իշխանությունները հայտնում են երկու սպանվածի և մի քանի վիրավորների մասին։ Այս պահի դրությամբ պարզ չէ՝ արդյոք Թաբաթաբային եղել է զոհերի շարքում։
Սա վերջին ամիսներին առաջին իսրայելական հարվածն է Բեյրութին։
Axios-ը, հղում կատարելով ԱՄՆ անանուն պաշտոնյայի, գրում է, որ Իսրայելը նախօրոք չի տեղեկացրել Վաշինգտոնին հարվածի մասին և կապ է հաստատել միայն գործողությունից հետո։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ Վաշինգտոնում տեղյակ էին՝ Իսրայելը պատրաստվում է Լիբանանում հարված հասցնել։
Ալի Թաբաթաբային ԱՄՆ-ն ներառել էր պատժամիջոցների ցուցակում՝ որպես «Հեզբոլա»-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը։ Խմբավորումը առայժմ չի մեկնաբանել հարվածը։