Արդեն հինգ ամիս բանտում գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:
Փաստաբանների խոսքով, Կարապետյանը դատարանում ևս մեկ անգամ պնդել է՝ անմեղ է և պետք է ազատ արձակվի, բայց դատավոր Սարգիս Դադոյանը հիմք է ընդունել 52 քննիչների ու դատախազի պնդումները, թե միլիարդատեր գործարարն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը:
60-ամյա գործարարը իրավապահների թիրախում հայտնվեց Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո: «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - հայտարարել էր Սամվել Կարապետյանը։
Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Կարապետյանը հերքում է ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքները: Կալանավորվելուց հետո նա բանտից քաղաքական հայտ ներկայացրեց՝ ստեղծելով «Մեր ձևով» շարժումը, որը դեռ որպես կուսակցություն չի գրանցվել: Նա, սակայն, առաջիկա ընտրություններում չի կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ երկքաղաքացի է: