Շվեյցարիայի իշխանությունները, Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ անհաջող բանակցություններից հետո, Սպիտակ տուն են ուղարկել երկրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին։ Մի քանի շաբաթ անց ԱՄՆ-ը հայտարարեց շվեյցարական ապրանքների մաքսատուրքերի զգալի նվազեցման մասին, գրում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ շվեյցարացի գործարարները Թրամփին հանձնել են մի շարք թանկարժեք նվերներ։ Ամենաշքեղը՝ ԱՄՆ նախագահի անունով պատրաստված ոսկե սալիկն էր, որի արժեքը մոտ 130 հազար դոլար է։ Իսկ Rolex-ի սեփականատերը Սպիտակ տան ղեկավարին ոսկյա սեղանի ժամացույց է նվիրել։ Նշվում է, որ հենց ոսկեղենն էր ներկայացվում որպես Թրամփի «նախընտրելի նվերը»։
Միացյալ Նահանգների սահմանադրությունը արգելում է բարձրագույն պաշտոնյաներին օտարերկրյա պետություններից նվերներ ընդունել առանց Կոնգրեսի հաստատման։ Սակայն Սպիտակ տունը ժամացույցն ու ոսկե ձուլակտորները գրանցել է որպես նախագահական գրադարանին արված նվիրատվություն, ինչը տվյալ դեպքում գործընթացը դարձրել է օրինական, հայտնում է Axios-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին։
Թեպետ գործարարների այցից հետո նոր բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվել, նոյեմբերի 14-ին ԱՄՆ կառավարությունը հայտարարեց շվեյցարական արտահանման մաքսատուրքը մինչև 15 տոկոս նվազեցնելու մասին։ Ըստ պայմանավորվածության՝ շվեյցարական ընկերությունները պետք է մեծացնեն ներդրումները ԱՄՆ-ում։