Վաղարշապատում ընթացող ընտրություններն առանց միջադեպերի չեն անցնում, տարբեր քաղաքական ուժերի վստահված անձինք ահազանգել են ենթադրյալ ուղղորդումների, ցուցակներում մահացած կամ այլ անձանց տվյալների առկայության մասին:
«Ազատության» այցելած ընտրատեղամասերից մեկում վստահված անձը պնդում էր, թե «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձի ձեռքին ընտրողների ցուցակ է եղել և որում պարբերաբար նշումներ է արել: ՔՊ -ի վստահված անձը կտրականապես հերքեց ընդդիմության ներկայացուցչի պնդումները, վստահեցնելով, թե իր մոտ ունեցած թղթում բացառապես ընտրատեղամաս մտնող քաղաքացիների թիվն է արձանագրել, այն ավելի ուշ պատռել է:
14/13 ընտրատեղամասում էլ «Համահայկական ճակատ» կուսակցության վստահված անձը՝ Ռուզաննա Ստեփանյանը, «Ազատության» հետ զրույցում պնդում էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները քաղաքացուն ուղղորդել է, որ նա «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկի: Վստահված անձը, սակայն, ասաց, թե չի հասցրել տեսագրել միջադեպը:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ահազանգի վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Ըստ նրա՝ վստահված անձի ներկայացրած միջադեպը ընտրատեղամասում տեղի չի ունեցել:
Ընտրությունների հետևող դիտորդական առաքելությունները ևս պարբերաբար խախտումներ են արձանագրում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս պահի դրությամբ մեր դիտորդներն այցելել են շուրջ 40 ընտրական տեղամաս: Արձանագրվել են ընթացակարգային՝ երեք, երկու վիճաբանության դեպք, ընտրողների կազմակերպված տեղաշարժի՝ երեք, միտումնավոր բաց քվեարկության՝ մեկ, սպառնալիքի մեկ դեպք, ընտրական հանձնաժողովի ղեկավարի անգործության մեկ դեպք, գրանցամատյանի էական թերություններով լրացման չորս դեպք և քվեարկության կտրոնի, պայմանական ասենք, ժամանակավոր հափշտակության, որովհետև հետո ընտրողը վերադարձրեց, մեկ դեպք»:
Իոաննիսյանը նշեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում հինգ հաղորդում է ներկայացվել. «Բոլոր հինգ հաղորդումներն էլ, ըստ էության, ՔՊ-ին են վերաբերում»:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ ասաց. «Որոշ ընտրական տեղամասերում արձանագրում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին, այսինքն, մակերեսն այնքան փոքր է, որ հաշվի առնելով ընտրողների թիվն ու հնարավոր հաճախությունը, չի ապահովի, որպեսզի կուտակումներ չլինեն: Հանձնաժողովները չեն կարողանում լիարժեք տիրապետել, որ գոնե տեղամասային ընտրական հանձնաժողովի անմիջապես հարակից տարածքում նույն մարդիկ շարունակաբար կարող են գտնվել տարածքին մոտ, դա գնահատում են որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ»:
Ըստ դիտորդների՝ Ծաղկալանջ, Հայթաղ և Արշալույս բնակավայրերում 2021-ի համեմատ այս ընտրություններում ակտիվությունը հինգ անգամ ավելի է եղել: Նրանք ընդգծեցին՝ պետք է ստուգել, թե ինչով է պայմանավորված ակտիվությունը և կա՞ արդյոք արտաքին միջամտություն:
«Ականատս» դիտորդական նախաձեռնության ներկայացուցիչն էլ «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ անցած ժամերին արձանագրել են երկու տասնյակից ավելի խախտում:
Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 69 հազար 866 է։: Ժամը 14։00-ի դրությամբ, ԿԸՀ-ի փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71 տոկոսը կամ 15 հազար 868 ընտրող։