Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը

Լրացված

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վճռում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ճակատագիրը։ Արդեն երկու օր է՝ ընթանում է նիստը, որի ընթացքում քննարկում են ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:

Դատելով հանձնաժողովի նախագահի հայտարարությունից, նիստն այսօր կշարունակվի այնքան ժամանակ, որ բոլոր հարցերը հնչեն, որից հետո արդեն որոշումը կկայացվի. «Այսօր որոշումով պետք է այստեղից դուրս գանք»:

Եթե հանձնաժողովի անդամները դրական որոշում կայացնեն, ՀԷՑ-ը լիցենզիայից կզրկվի։

Նիստի ընթացքում «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները կետ առ կետ անդրադառնում են այս վարույթի շրջանակում ներկայացված պնդումներին, հարցեր են տալիս, շատ են տեխնիկական դրույթները՝ հաշվիչների ցուցմունքներից սկսած մինչև նորակառույցներում էլեկտրաէներգիային միացումներ:

Այս ընթացքում նաև մթնոլորտը լարվեց մեկ անգամ։ Դավիթ Ղազինյանը, ով ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատարն էր մինչ Ռոմանոս Պետրոսյանի նշանակվելը, նիստի մեկնարկին ուշադրություն հրավիրեց, որ դահլիճում ոստիկաններ կան, պարզաբանում, պահանջեց, թե ինչու են նրանք այստեղ, ումից են վտանգ տեսնում։ Խոսքի տոնայնությունը երկու կողմերից էլ բարձրացավ, և հանձնաժողովի նախագահը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ է, որոշեց, որ ոստիկանները պետք է դուրս գան։

Պաշտպանվող կողմի հիմնական հարցադրումներից մեկը նիստի սկզբում այն էր, թե արդյոք հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որևէ գործողություն իրականացրե՞լ է այս վարույթի շրջանակում, այս հարցը տվեց փաստաբան Արամ Օրբելյանը և ըստ էության կոնկրետ պատասխան չհնչեց. «Ըստ էության ուզում եմ արձանագրենք, որ այստեղ մենք վարույթի ընթացակարգը մանրամասնելու դաշտ ենք գնում, որի ոչ պարտականություն ունենք, ոչ էլ վարույթի իրականացման հետ կապ ունի։ Հստակ արդեն մի քանի անգամ նշվեց, որ իրականացվել են թվով երեք մոնիտորինգներ, ներկայացված տեղեկատվություններին կից եղել են փաստական տվյալներ, որոնք որպես ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված տվյալներ դիտարկվել են, այն տվյալների մասով, որոնց մասով պարզման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն եղել է, հանձնաժողովի աշխատակազմը իրականացրել է դրանց պարզմանն ուղղված գործողություններ, դրանց ըստ էության կարող էին ծանոթանալ ներկայացուցիչները վարույթի նյութերին ծանոթանալով, ավելացնելու այլ բան ըստ էության չունեմ»։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նիստի ընթացքում հիմնականում լուռ էր, չէր խոսում։ Նա միայն մեկ անգամ լռությունը խախտեց, երբ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները հաշվիչների հետ կապված մի փաստարկ ներկայացրին, որ գործողություններ են արվել առանց համապատասխան ստորագրությունների, Պետրոսյանն անմիջապես արձագանքեց, ասելով, որ այս փաստարկը ընկերությունում պետք է քննության առարկա դառնա։

Իսկ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ սա պետք է քննի ընկերության օրինական տնօրինությունը, այսինքն, երբ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեն ու ամեն ինչ վերադառնա այն իրավիճակին, ինչ մինչ ամառն էր։

Նիստը շարունակվում է արդեն 7 ժամ, այն պարբերաբար ընդմիջումներով է ուղեկցվում, «Տաշիր կապիտալի» հարցերն ավարտվեցին, այժմ հասարակական կազմակերպությունների հերթն է։ Ինչով է պայմանավորված հրատապությունը, ինչու է հանձնաժողովի նախագահը ցանկանում անպայման այսօր որոշում ընդունել՝ այս հարցադրումներին հստակ պատասխաններ չեն տվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG