Ռուսական զորքը գիշերը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին: Ըստ Ներքին գործերի նախարարության՝ կա չորս զոհ, առնվազն 26 վիրավոր, այդ թվում՝ մեկ երեխա: Վնասվել է մոտ 10 բազմաբնակարան շենք, նաև դպրոց, բուժհաստատություն, վարչական շենքեր: Հրդեհներ են բռնկվել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:
«Ես սարսափած էի, այն աստիճան, որ չգիտեի՝ ինչ անել առաջինը՝ փրկել ինձ և երեխայի՞ս, թե՞ վազել ուրիշներին օգնելու, որովհետև շատերն էին գոռում, որ օգնության կարիք ունեն», - պատմել է Կիևի բնակիչներից մեկը։
«Ազատության» ուկրաինական ծառայության տվյալներով՝ երեկոյան ռուսական հարվածներից ևս երկու մարդ զոհվել է Զապորոժիեի մարզում: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել արևելքում:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ գիշերը ռուսական զինուժը 430-ից ավելի անօդաչու և 18 հրթիռ է կիրառել, որոնցից մեկի բեկորներից վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատունը: Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատասխանում է այս հարվածներին՝ մեծ հեռահարության հրթիռներով: Նա դաշնակիցներին կոչ է արել խստացնել պատժամիջոցները, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի այս հարվածները:
«Սա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնել», - ասել է Զելենսկին։
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ քաղաքի նավահանգստին, վնասվել է քաղաքացիական նավ, վիրավորվել են նավի անձնակազմի երեք անդամ։ Հարվածել են նաև հացահատիկի տերմինալի, նավթի խոշոր բազայի, որտեղ հրդեհ է բռնկվել, նաև տներ են վնասվել: Ըստ Reuters-ի՝ հարվածներից հետո «Տրանսնեֆտ»-ը դադարեցրել է նավթի մատակարարումը նավահանգիստ, որն էլ դադարեցրել է դրա արտահանումը:
Սարատովում ուկրաինական հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել:
Ու մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտոնակիցներին, ինչպես նաև ԵՄ արտգործնախարար Կայա Կալասին՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող օգնության հարցը:
Երեկ էլ Եվրամիության ֆինանսների նախարարներն էին քննարկել Ուկրաինայի վերակառուցմանն աջակցելու ուղիները: ԵՄ-ն ցանկանում է այս նպատակով ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել: Սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, դեմ է և երաշխիքներ է պահանջում, որ իրավական խնդիրներ չեն ծագի և ստիպված չի լինի միայնակ վերադարձնել դրանք:
ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ այս հարցում պետք է ԵՄ երկրների միջև համերաշխություն լինի, իսկ պատասխանատվությունը պետք է կիսեն բոլոր անդամները:
«Ակնհայտ է, որ կան ռիսկեր, որոնք պետք է լուծվեն, մասնավորապես Բելգիայի դեպքում, և Եվրոպական հանձնաժողովն ակնհայտորեն շատ լուրջ է աշխատում այս ուղղությամբ: Այլ անդամ պետությունները ևս ընդունում են, որ պետք է համերաշխություն լինի այդ ռիսկերի հարցում, որոնք բոլորս պետք է կիսենք», - նշել է Վալդիս Դոմբրովսկիսը:
Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգը, որը 10 տարի ղեկավարել է ՆԱՏՕ-ն և ում օրոք Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, «Ազատության» ռուսական ծառայությանը տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային աննախադեպ աջակցություն են ցուցաբերել 2022-ից ի վեր։
Սակայն, ըստ նրա, ոչ բոլոր դաշնակիցներն են անում այն, ինչ պետք է անեն։ Ստոլտենբերգը որևէ երկրի անուն չի տվել: Ապա նշել է, որ երբ հետադարձ հայացք է նետում, հասկանում է՝ դաշնակիցների արձագանքն ուշացած էր: Պետք էր սկսել 2014-ին, երբ Ռուսաստանն ապօրինաբար բռնակցեց Ղրիմը և ներխուժեց Դոնբաս։