«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ «երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ բոլոր հնարավոր կոմբինացիաները կքննարկվեն»:
«Ես հիմա հասկանում եմ, որ քննարկվում է, որ օրինակ, նույն Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարի գնալ և այլն: Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման: Եթե խոսքը գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել, ընդ որում, իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Նույնիսկ եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ», - նշեց վարչապետը:
«Ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ». Փաշինյանը՝ հայ գերիների մասին
«Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ», - ընդգծեց Փաշինյանը՝ անդրադառնալով հայ գերիների վերաբերյալ հարցին:
«Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը», - նշեց Փաշինյանը:
Բաքվի բանտերում 44-օրյա պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո դեռ 23 հայ է պահվում:
«Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն չի եղել»
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարել է, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, վարչապետն արձագանքեց՝ «փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն չի եղել»:
«Կարեն Կարապետյանը եկել է ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից և փորձ է արել այնպես անել, որ իրենք ինձ ազատում են ու հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ՝ ոչ, դա բացառվում է: Փոխվարչապետի մասին ընդհանրապես որևէ նման ակնարկն ու նման խոսակցություն չի եղել: Ես չգիտեմ՝ իրենք քննարկել են, թե՝ ոչ, բայց ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ: Կարեն Կարապետյանն, ըստ էության, ակնարկել է ենթատեքստերով, ուղիղ չի ասել, եթե ինքը հերքի, ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը, եղել է ենթատեքստերով, որ իրենք ինձ ազատեն, մեզ ազատեն, հեղափոխությունը դուրս գա օրակարգից, և Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը, որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը: Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար ու Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է ու եկել է ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ասել եմ՝ դա անընդունելի է, որից հետո գնացել է, ենթադրում եմ, խոսում էր ինչ-որ մեկի հետ, վերադարձել ու ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին, ասել եմ՝ ընդունելի տարբերակ չէ և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը, որից հետո գնացել է, եկել է, ասել է՝ ընդունելի է այդ պայմանը», - հայտարարեց Փաշինյանը: