Մատչելիության հղումներ

Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն. Փաշինյան


Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին օրերին տված հարցազրույցներին:

«ՔՌ-ի և ՍՍ-ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար», - գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։

«Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից», - նշել է Փաշինյանը։

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները նախորդ օրերին հարցազրույցներ են տվել՝ անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմին, բանակցային գործընթացին: Ռոբերտ Քոչարյանը երեկ TV5–ին տված հարցազրույցում, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, նշել է. «Ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, որը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացում առաջին անգամ կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը: Դա ներկայացվել էր 2019–ի ամռանը։ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ասում էր՝ սկսելու ենք զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ։ 2019–ին ներկայացված փատաթուղթը հրաժարվել է ուղղակի բանակցել՝ ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթացը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG