Գազայում հրադադարը վտանգված չէ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախօրեին իսրայելական կողմը հարվածներ է հասցրել Գազայում այն բանից հետո, երբ Իսրայելը մեղադրեց «Համաս»-ին հրադադարը խախտելու մեջ: Գազայի առողջապահական մարմինների փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 91 մարդ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ:
«Ինչպես ես հասկանում եմ, նրանք սպանել են իսրայելցի զինվորի», - լրագրողներին ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում և նշել, - «այսպիսով, իսրայելցիները հակահարված են տվել»։
Իսրայելական հարվածները հաջորդել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությանը, որում ասվում է, որ նա հրամայել է «անհապաղ և հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածում»։
CNN-ի փոխանցմամբ՝ «Համաս»-ը դատապարտել է իսրայելական կողմի հարվածները և հերքել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների վրա հարձակումը։