Գլխավոր դատախազությունը ստացել է ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի միջնորդությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելու կալանքից:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է այսօր ահազանգել, որ Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում: Գլխավոր դատախազին ուղղված նամակում փաստաբանը խնդրում է օգտվել իր բացառիկ լիազորությունից և վերացնել գործընկերոջ Կոչուբաևի կալանքը:
«Երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է», - գրել է փաստաբան Ալեքսանյանն ու հավելել՝ չի կարող բժշկական գաղտնիք բացահայտել, չի կարող հրապարակային հայտնել անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում:
Աննա Վարդապետյանին ուղղված նամակում փաստաբանը ներկայացրել է նաև բժշկական փաստաթղթերը: Ամենայն հավանականությամբ, այսօր Գլխավոր դատախազությունը կորոշի՝ ազատ արձակել փաստաբանին, թե՝ թողնել կալանքի տակ: