Ռուսական «Լուկօյլ»-ը հայտարարել է արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ վաճառքը կիրականացվի ԱՄՆ-ի թույլտվությամբ:
«Լուկօյլ»-ը մի շարք օտարերկրյա ակտիվների սեփականատեր է, այդ թվում՝ առևտրային ընկերության, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ժնևում, նավթամշակման գործարաններ ունի Ռումինիայում և Բուլղարիայում, ինչպես նաև բաժնեմաս՝ Նիդերլանդներում գործող վերամշակման գործարանում։ Ընկերությունը նաև ունի մոտ 2,5 հազար բենզալցակայանների ցանց տարբեր երկրներում, այդ թվում՝ ԵՄ-ում, Վրաստանում և Բալկանյան պետություններում։ Բացի այդ, «Լուկօյլ»-ին պատկանում է մի ձեռնարկություն Իրաքում, որը զբաղվում է գազի արդյունահանումով, ինչպես նաև մասնակցում է հանքային նախագծերի իրականացմանը Ղազախստանում, Ուզբեկստանում, Կոնգոյում և Մեքսիկայում։
Միացյալ Նահանգները հոկտեմբերի 22-ին պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների՝ «Ռոսնեֆթ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է՝ այս գործողություններն Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված խաղաղ գործընթացին Ռուսաստանի լուրջ հանձնառության բացակայության արդյունք են: