Սպիտակ տունն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ կառավարության շաթդաունի պատճառով հոկտեմբերի գնաճի մասին զեկույց հավանաբար չի լինի՝ փորձելով մեղքը բարդել դեմոկրատների վրա։
X-ում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթն է գրել, որ «սա էլ իր հերթին կհանգեցնի բիզնեսների, շուկաների, ընտանիքների և Դաշնային պահուստային համակարգի խառնաշփոթին»:
ԱՄՆ կառավարությունը հոկտեմբերի 1-ից գնաց շաթդաունի․ կուսակցական տարաձայնությունները խոչընդոտեցին Կոնգրեսին և Սպիտակ տանը ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության գալուն:
Սա 1981 թվականից ի վեր Կառավարության 15-րդ շաթդաունն է:
Ֆինանսավորման խնդրի առանցքում գտնվում է պետական գործակալությունների համար նախատեսված 1.7 տրիլիոն դոլարը, ինչը կազմում է կառավարության ընդհանուր 7 տրիլիոն դոլար բյուջեի մոտ մեկ քառորդը։ Մնացած մեծ մասը գնում է առողջապահական և թոշակային ծրագրերին, ինչպես նաև աճող՝ 37.5 տրիլիոն դոլար պետական պարտքի տոկոսավճարներին։
Անկախ վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս դադարեցումը կարող է ավելի երկար տևել, քան նախորդները: