Խերսոնում հոկտեմբերի 24-ի առավոտյան ռուսական հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, առնվազն 16-ը, այդ թվում՝ դեռահաս, վիրավորվել է, հայտնում է մարզային ռազմական վարչակազը։
Հաղորդվում է, որ լուսաբացին ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրովյան շրջանում։ «Շահեդ» տիպի անօդաչուն խոցել է բազմաբնակարան շենք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վիրավորվել են 80-ամյա կին և 52-ամյա տղամարդ։
Հրետակոծության է ենթարկվել նաև Խերսոնի Կորաբելնի շրջանը։ Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ նախորդ օրվա ընթացքում Խերսոնի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել են երկու մարդ, ևս ինը՝ վիրավորվել։
«Ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վնասվել են ութ բազմաբնակարան շենքեր, 20 առանձնատուն, ինչպես նաև վարչական շենքեր, մասնավոր ձեռնարկություններ ու ավտոմեքենաներ», – ասված է վարչակազմի հաղորդագրությունում։