Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ զինծառայության ժամկետը կրճատելու շուրջ հնչող քննադատություններին, մասնավորապես, որ այս քայլով իշխանությունը 2026-ի ընտրություններից առաջ փորձում է հաճոյանալ ժողովրդին՝ վտանգի տակ դնելով երկրի պաշտպանունակությունը:
«Այս միտքը նոր միտք չէ, խորհուրդ կտամ նրանց, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, կարդան կառավարության ծրագիրը: Այդ ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5-ամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը», - նշեց Պապիկյանը՝ շարունակելով. - «Երկրորդ փաստաթուղթը՝ «Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգը», այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել: Սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա: Եվ իհարկե ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ արդյոք հաջողվում է այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակը ավելացնել: Ազգային ժողովը շուրջ երկուսուկես տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր: Խոսքը այն մասին է, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ, այդ թիվը հասնում է մի քանի հազարի»:
«Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է», - ամփոփեց նախարարը: