48 դեմ, 24 կողմ և 2 ձեռնպահ. Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետին անվստահություն հայտնելու հայտարարության նախագիծը նիստերի օրակարգում չընդգրկվեց: Իշխող ՔՊ-ն դեմ քվեարկեց, ինչպես ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բնութագրեց՝ «մեռելածին նախագծին»:
Պետաիրավական հանձնաժողովը նախապես բացասական եզրակացություն էր տվել հայտարարության նախագծին, և հետևաբար հարցը նիստերի օրակարգում չէր ընդգրկվել: Հանձնաժողովի նախագահ, իշխանական Վլադիմիր Վարդանյանն այսօր պարզաբանեց, թե հայտարարության նախագիծը պարունակում էր «քաղաքական իրարամերժ դատողություններ»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին և կողմ քվեարկեցին նախագիծը օրակարգ ընդգրկելուն:
ՔՊ -ից դուրս եկած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ձեռնպահ քվեարկեցին, Հովիկ Աղազարյանը բացատրեց, թե այս գործընթացի շուրջ դեռ շատ հարցեր կան քննարկելու:
Ի դեպ, «Պատիվ ունեմ» - ի ղեկավար Հայկ Մամիջանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ Փաշինյանի իմփչիմենթի ձևաթղթի տակ արդեն առկա է 34 պատգամավորի ստորագրություն: Անցած շաբաթ հարցի շուրջ քննարկում են ունեցել ՔՊ-ից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին: Նրանք վստահեցրել են, որ չեն խոչընդոտի իմփիչմենթին:
«Բրավո Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին», - տեղից հնչեցրեց Ռուբեն Ռոբինյանը, ասելով, որ ուրախ են, որ միմյանց հետ խոսում են:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հորդորեց չանհանգստանալ իմփիչմենթի գործընթացի շուրջ իրենց հանդիպումների համար, զգուշացնելով՝ «Ձեզ հանդիպելու հերթն էլ կգա»:
Ի պատասխան ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց, թե «սիրով կհանդիպի» Մամիջանյանին, բայց «Հանրապետականի «ինքնալուծարման օրակարգի շուրջ»: